Ցավով ու խորին կսկիծով հայտնում ենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, 68 տարեկան հասակում կյանքից անսպասելի հեռացել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսի Փիրումյանը։

ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ դոկտոր, պրոֆեսոր Գ․Պ․ Փիրումյանը Հայաստանում էկոլոգիական քիմիայի դպրոցի հիմնադիրն է։ Բնապահպանական ոլորտում շուրջ 40 տարվա իր աշխատանքի համար արժանացել է Էկոլոգիայի միջազգային ակադեմիկոսի, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի և Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոսի կոչումների։ 2008թ-ին իրեն շնորհվել է Էկոլոգիայի բնագավառում պատվավոր Մագիստրոսի կոչում։

Մանկավարժական աշխատանքին զուգահեռ ղեկավարում էր պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաներ, ծրագրեր և հետազոտություններ, ինչի շնորհիվ Հայաստանում հիմնադրվեց էկոլոգիական քիմիայի և ջրաքիմիայի ազգային գիտական դպրոցը։ 1999թ-ից մինչ օրս եղել է  ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդի անդամ։ Իր գիտական գործունեության ընթացքում ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, թեկնածուական ատենախոսություններ և եղել է մի շարք դոկտորական աշխատանքների խորհրդատու։ 13 մենագրության, 2 դպրոցական դասագրքերի, 2 բուհական դասագրքի, 207 գիտական հոդվածների, 110 գիտական թեզիսների, 20 արտոնագրերի և 6 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է։

1995-2015թ-ին եղել է Էկոլոգիայի Միջազգային Ակադեմիայի հայկական մասնաճյուղի տնօրեն, «Ջուր-էկոլոգիա-բժշկություն» միջազգային ասոցիացիայի ազգային փորձագետ, ՀՀ ջրային օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ, Կովկասի ՌԵԿ-ի փորձագետ, էկոլոգիական քիմիայի միջազգային գիտական կոմիտեի անդամ։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության գիտատեխնիկական խորհրդի անդամ և 2016թ-ից սկսած Արտակարգ իրավիճակների կառավարման միջազգային կազմակերպության (IEMO) լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում։

Լինելով Փիրումյանների իշխանական տոհմի ժառանգորդ, 1992թ-ին հիմնադրել է «Հայ ազնվականների միությունը», որտեղ հավաքվում և պահվում են հայ մտավորականների, գործիչների, հայ իշխանական տոհմերի մասին փաստաթղթեր, գրքեր, նկարներ և արժեքավոր իրեր։

Իր նշանակալի գիտական գործունեության համար արժանացել է հետևյալ պարգևների՝ ուսանողական գիտական աշխատանքների Համամիութենական մրցույթների դափնեկիր (1970թ.,1972թ.), Դ.Մենդելեևի անվան Համամիութենական քիմիական ընկերության գիտական աշխատանքների մրցույթի հաղթող (1977թ.,1978թ.), Կոմերիտմիության գիտության և տեխնիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր (1980թ.), Խիզախության համար մեդալ (ՌԴ) (2009թ.), «21-րդ դարի մեծ Միտք» Բարձրագույն պատվավոր տիտղոս (ԱՄՆ) (2009թ.), ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր (2009թ.), Ռուսաստանի հայերի միության 10 տարի հոբելյանական մեդալ (ՌԴ) (2011թ.), «Միջազգային դեսպան» պատվավոր կոչում (2011թ.), Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ (2011թ.), «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (2011թ.), Ա.Նոբելի անվան Ոսկե մեդալ (2014թ.), Ի.Կոստանդովի անվան հուշամեդալ (2015թ.), Սուրբ Անդրեյ Առաջնականչի Կայսերական բարձրագույն շքանշան (ՌԴ) (2015թ.), Բարի Կամքի Դեսպան» պատվավոր կոչում (ՄԱԿ) (2015թ.), Ռուսաստանի Բնագիտության Ակադեմիայի «Կրթության և գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր տիտղոս (2015թ.), «Սուրբ Գաբրիելի շքանշան» (Վատիկան) (2016թ.), «Մալթիական Խաչ» բարձրագույն շքանշան (Մալթիական միաբանություն) (2016թ.), Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի 70-ամյակի հուշամեդալ (2016թ.):

Կիսելով անդառնալի կորստի ցավն ու դառնությունը, խորին ցավակցությունն ենք հայտնում դոկտոր, պրոֆեսոր Գ․Պ․ Փիրումյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: