Հունիսի 23-ին Մարսել-Երեւան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանել է բժիշկների երկրորդ խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Առաքելության խմբի անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը եւ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է կոչել ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ:

«Ֆրանսիայից արդեն բժիշկների 2-րդ խումբն է, որ մեր գրասենյակի անմիջական ներգրավվածությամբ գալիս է Հայաստան: Ուրախ ենք, որ այս խմբում երկու հայ բժիշկ ունենք. խմբի ղեկավարն է հանրահայտ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, եւ ռեանիմատոլոգներից մեկն էլ Հայկ Վարդանյանն է: Այսպիսով՝ նման նախաձեռնություններից անմասն չեն մնում նաեւ սփյուռքի մեր մասնագետները»,-նշել է Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ այլ երկրների հայ բժիշկների հետ նրանց Հայաստանում նման առաքելությունների ներգրավելու համար:

«Մեր տեղացի բժիշկները շատ սրտաբաց ընդունեցին իրենց օտարերկրացի գործընկերներին, եւ նախորդ խմբի արդյունքներն ամոփոփելով՝ կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ համագործակցություն է ստացվել: Մենք պետք է շարունականությունն ապահովենք: Այսօր այս խումբը կհանդիպի նախորդ խմբին, եւ նրանք կփոխանցեն իրենց տպավորությունները, փորձառությունը: Շատ ջանքեր են ներդրվում, որ նման առաքելոււթյունները հնարավոր դառնան»,-ընդգծել է Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փարիզի եւ Մարսելի լավագույն բուժհաստատություններից 9 բժիշկներ իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում եւ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում: