ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նախօրեին աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին:

ՏՄՊՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:

«Այս ակցիան քաղաքացիների սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված եւս մեկ քայլ է,միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու եւս մեկ առիթ:

Այս փուլում շատ կարեւոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ իրենից շատ բան է կախված, եւ պարզ կանոններով, մասնավորապես դիմակ կրելու միջոցով կարող է կարեւոր քայլ կատարել համավարակի ընթացքը կասեցնելու ուղղությամբ՝ թույլ չտալով, որպեսզի հիվանդությունը տարածվի՝ վտանգելով իր եւ իր հարազատների, հարեւանների, գործընկերների կյանքն ու առողջությունը»,- նշել է Գեղամ Գեւորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել: Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է, մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները եւս իջնում են, եւ ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար:

Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաեւ հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով: Գեղամ Գեւորգյանը նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արմեն Մաղաքյանի խոսքով՝ բնակիչների շուրջ 90 տոկոսից ավելին արդեն դիմակներ կրելու պահանջը պահպանում է: Թաղապետարանն իր հերթին շարունակում է իրազեկման աշխատանքներ իրականացնել: