ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թեմայի ամփոփում, քավարան

Լուսավոր Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ գրոհի կիզակետում հայտնվել են և՜ նախկինների, և՜ ներկաների կողմից:

Մի կողմ թողնելով «նախկինների» սին ու բովանդակազուրկ փաստարկը, առաջարկում եմ փնտրել ու գտնել ներկաներից որևէ մեկին, (պատգամավոր, օգտագործվող այլ քարոզիչ) որը քննադատում է Լուսավոր Հայաստանին այսօրվա «սկզբունքային» դիրքորոշման համար։ Մանր-մունր ֆեյքեր չառաջարկել:

Այո՜ լհկ-ականները ձգտում և ցանկանում են «դաշտը զբաղեցնել», քանզի այդ նույն դաշտը ծառայելու է Նիկոլ Փաշինյանին: Երբ պետք լինի՝ կարեւոր թեմա շեղելու համար։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ: Մի վիրավորեք կամ քննադատեք նրանց՝ հետեւություններ արեք։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձնական նոտար Արմեն Սարգսյանին, ապա ըստ էության հարկ է մոռանալ, որ կա նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ։ Պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ նա գոյություն չունի: Ծեր մարդ է, որին Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարձր կոչումներով վայելել ծերությունը:

Հ.Գ. Այս ամենով իրականում ամեն ինչ ո՜չ սկսվում է, ո՜չ ավարտվում։ Այս արարի գինը բարձրացրել էր ինքը Փաշինյանը։ Նա էր ասել, որ սա թիվ մեկ հարցն է, որ ժողովուրդը լավ կապրի եւ այլն։ Սա հերթական ապօրինությունն էր, որի համար իմքայլականները չափազանց թանկ գին վճարեցին՝ ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելով։ Կարեւոր չէ ինչ տգիտություններ են նրանք այսօր երկնում՝ էլ Սահմանադրության 96 հոդված, էլ Վենետիկի կարծիքի մեծ մասի հետ համամիտ լինել եւ այլն։

Հանգիստ թողե՜ք այս թեման, ուշադիր նայեք ձեր շուրջը ու կնկատեք ավելի կարեւոր բան, որ կատարվում է։ Քաղաքականությունը լավագույնը չի զբաղմունքներից, հավատացեք, բայց մի ֆանտաստիկ հատկանիշ այդուամենայնիվ ունի՝ բացահայտում է սկզբունք ու դիմագիծ ունեցողներին, առավել հաճախ՝ չունեցողներին։ Եթե դժվար որոշումները հեշտ տրվեին չէին լինի «հաճախորդներ», «դավաճաններ», «թռնողներ» եւ այլ տերմիններ։ Անգամ կարեւոր չէ քանի օր կամ ամիս ես քաղաքականության մեջ՝ կարեւորը հետագիծն է։ Կարեւորը այն է, որ քաղաքական գործիչ պաշտոնով չեն դառնում, լրագրողին հարցազրույց տալով չեն դառնում, ու 4-6 անգամ «ես որպես քաղաքական գործիչ» ասելով չեն դառնում։ Արժանապատվություն կամ ունես կամ ոչ։ Այն այսօր կամ վաղը պաշտոն զբաղեցնելու համար չէ, ինչպես շատերին թվում է։
Այն ճանապարհիդ դժվարությունները որպես երբեւէ թույլ տված սխալիդ քավարան դիտարկելով ավելի լավը դառնալու շանս է։ Ուր էլ լինես։

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ։ ՀԱՄՈԶՎԱԾ եմ»: