Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնեց։

Նշենք, որ պաշտպանական կողմը 2-րդ անգամ դատավոր Գաբրիելյանին ներկայացրել էր  ինքնաբացարկով հանդես գալու միջնորդություն։

Ավելի վաղ, NEWS.am-ի հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել էր, որ Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար հիմք է հանդիսացել մեկ անձի ցուցմունքը, որն այդ գործով նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։