Ամերիկյան իշխանությունները քննարկում են նոր մաքսատուրքեր սահմանելու, ինչպես նաեւ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից եւ Մեծ Բրիտանիայից 3,1 մլրդ դոլար ընդհանուր գումարի մի շարք ապրանքների ներմուծման գոյություն ունեցող սակագների բարձրացման հնարավորությունը: Bloomberg գործակալությունը հայտնում է, որ այս մասին նշված է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակի հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են նոր մաքսատուրքեր մտցնել եվրոպական հետեւյալ արտադրանքների համար՝ ձիթապտուղ, գարեջուր, ջին եւ բեռնատար ավտոմեքենաներ, ինչպես նաեւ բարձրացնել մի քանի կարգերի ապրանքների սակագները, այդ թվում՝ օդանավերի, պանրի տեսակների եւ յոգուրտների: ԱՄՆ-ն մարտի կեսին Եվրամիությունից օդանավերի մաքսատուրքերը բարձրացրել էր 10 տոկոսից մինչեւ 15 տոկոս:

Bloomberg-ը նշում է, որ նոր մաքսատուրքերը կարող են առնչվել ֆրանսիական նորաձեւ ապրանքանիշներ Givenchy-ին եւ Hermes-ին, ինչպես նաեւ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբին: Ջինի եւ գարեջրի մաքսատուրքերը զգալիորեն կգերազանցեն Միացյալ Նահանգներում այս ալկոհոլային ըմպելիքների արժեքը, ինչը բացասաբար կանդրադառնա բրիտանացի եւ գերմանացի արտադրողների վրա:

Նոր մաքսատուրքեր մտցնելու ծրագրերը կապված են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ պատմական վեճի հետ՝ Boeing եւ Airbus ավիաընկերությունների սուբսիդավորման պատճառով: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին Առեւտրի համաշխարհային կազմակերպության արբիտրաժը ամերիկյան իշխանություններին թույլ էր տվել ԵՄ երկրների նկատմամբ սահմանել գրեթե 7,5 մլրդ դոլարի տուրքեր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Եվրամիությունը չի կատարել Airbus կորպորացիայի սուբսիդավորմանն առնչվող կազմակերպության ավելի վաղ ընդունած որոշումները: Անցյալ տարվա հոկտեմբերի 18-ից կիրառվող 25-տոկոսանոց մաքսատուրքերի տակ հայտնված ապրանքների թվում էին Շոտլանդիայից միաածիկային վիսկին, հագուստի որոշ տեսակներ:

ԱՄՆ-ն ներկա պահին շարունակում է ԵՄ-ի հետ բանակցությունները առեւտրային համաձայնագրի կնքման շուրջ: Վաշինգտոնյան վարչակազմն անգամ սպառնում է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա, եթե փաստաթղթի նախագիծն իրեն ձեռնտու չլինի: