Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբների հրապարակումներին վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի և ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, զբաղվում է Հայաստանում պայմանավորված խաղերի ուսումնասիրությամբ և բացահայտմամբ: Հենց այդ նպատակով էլ, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե): Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում:

Այդ կոմիտեն արդեն իսկ հրավիրել է մի շարք նիստեր, որոնց արդյունքում եղել են քննարկումներ և վերլուծություններ: Դրանց արդյունքները շատ շուտով հասանելի կդառնան հասարակությանը: Ավելին, փորձագիտական կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ իր կողմից քննարկված դեպքերի հիման վրա համապատասխան որոշումներ կայացնելու միջնորդությամբ:

Հենց այդ որոշումների կայացման նախաշեմին «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբները «զարմանալի զուգադիպությամբ» որոշեցին հայտնել իրենց մտահոգությունը՝ ստեղծելով իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ անհանգստության պատրանք: Հետաքրքիր է, թե ինչու նույն ակումբները նման հայտարարությամբ հանդես չէին գալիս 1 կամ 3 ամիս առաջ: Առավել հետաքրքիր է, թե ինչու նրանց կողմից չկար որևէ «անհանգստություն» առաջնության առաջին հատվածում, երբ իրենք խոշոր հաշիվներով հաղթում էին իրենց իսկ կողմից հիշատակված «Երևան» ՖԱ-ին՝ ավելացնելով իրենց միավորների պաշարը:

Բացի այդ, առնվազն զարմանալի է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ արտահերթ ժողով հրավիրելու պահանջը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ակումբը չի հանդիսանում ՀՖՖ անդամ և չունի վերոնշյալ նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հիմք: Ինչ վերաբերում է «Լոռի» ՖԱ-ին, ապա այս ակումբը, որպես ՀՖՖ անդամ, պետք է որ տիրապետեր ՀՖՖ արտահերթ ժողով հայտարարելու իրավական կարգին»: