Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը որոշ ժամանակով նիստից բացակայելուց հետո երբ վերադարձավ, անդրադարձավ իր բացակայության ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին, ինչի մասին իրեն տեղեկացրել են: Նա ասաց, որ որոշ ժամանակով դուրս էր եկել դահլիճից, և ավագանու անդամներից մեկն անդրադարձել է իր ելույթին:

«Ինձ ասացին, որ չգիտենք, թե ով, բայց քաղաքական բնորոշմամբ՝ անդեմ մի մարդ ելույթ ունեցել և քեզ է պատասխանել: Հարգելի «Իմ քայլը» խմբակցության անդամներ, ես ձեզ հետ որևէ վեճ չունեմ, և հաշվի առնելով, որ, եթե դուք, օրինակ, բացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և տեսնեք անկուսակցականների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համամասնությունը, կհասկանաք, որ քաղաքական իմաստով չկա քաղաքային իշխանության պատասխանատու և մարդիկ, որոնք ինչ-որ տեղ ինչ- որ գործունեություն են ծավալել, հիմա եկել են, քաղաքական կենսագրություն չունեն ու ինչ-որ քաղաքական ելույթներ են ունենում: Մարդիկ հետևում են, ցավով են նայում, թե ինչ է կատարվում Երևանի ավագանիում և նայում են, որ ինչ-որ մեկը, որը չունի որևէ կենսագրություն, քաղաքական կողմնորոշում, մեծ-մեծ ելույթներ է ունենում: Ես սրան չէի էլ պատասխանի, եթե ինձ չասեին, որ նման ելույթ է եղել»,- ասաց Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարը նշեց, որ իր համար զարմանալի է, թե քաղաքական կողմնորոշում չունեցող մարդու համար ի՞նչ տարբերություն, թե ինքն ինչ կարգավիճակ ու ինչ մտքեր ունի: Նա մեջբերեց Երիցյանի արտահայտած այն միտքը, որ իրեն չի հետաքրքրում Խաժակյանի կենսագրությունը, որի մասին վերջինը խոսել է:

«Ես այդ քաղաքական իմաստով անդեմ մարդուն ուզում եմ ասել, որ ինձ չի հետաքրքրում, թե իմ ելույթները Ձեզ որքանով են հետաքրքրում, Դուք ինչ գնահատական եք տալիս իմ գործունեությանը: Մենք դժվարին ընտրական պայմաններում 3 խմբակցության ներկայացուցիչներով այստեղ ենք, այդ ձայնը մեզ տվել է Երևանի բնակիչը, այս դահլիճում որևէ մեկը չի կարող հիմնավորել, թե իր համար հետաքրքի՞ր է, թե՞ հետաքրքիր չէ: Եթե ձեզ հետաքրքիր չէ, կարող եք գնալ բուլվարներում ման գալ: Երբ ինձ  քաղաքականապես չկողմնորոշված մարդկանց ելույթները հետաքրքիր չեն լինում, ես դուրս եմ գալիս, կամ չեմ լսում, կամ անտեսում եմ»,- ասաց Խաժակյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ ավագանու նիստերի դահլիճում բոլորն էլ ընտրված  մարդիկ են և իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Ինչ վերաբերում է փոխադարձ վիրավորանքներին, քաղաքապետը պարզաբանեց.

«Երբ ես հորդորում եմ, որ՝ մի վիրավորեք իրար, դա շատ պարզ, բացի մարդկայինից, նաև տեխնիկական բնութագիր ունի: Եթե Դուք վիրավորում եք ինչ-որ մեկին, մյուսը ելույթ է ուզելու, վիրավորելու է Ձեզ, հետո Դուք՝ իրեն: Նախ՝ մենք ժամանակ ենք կորցնելու, երկրորդ՝ այդ ելույթներով ավագանու որակը սկսելու ենք իջեցնել: Դա ձեռք չի տալիս բոլորիս միասին»: