Պակիստանի ավիացիայի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Կարաչիի մոտ օդանավի կործանումը տեղի է ունեցել մարդկային գործոնի՝ օդաչուի, երկրորդ օդաչուի եւ օդային երթեւեկության կառավարման ծառայության պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Այս հայտարարությունը տեղի ունեցածի վրա նոր լույս է սփռել, քանի որ ավելի վաղ պակիստանցի քննիչները հայտնել էին, որ աղետի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել:

Բացահայտվել են նաեւ ավելի վաղ չհաստատված տվյալները, ներառյալ այն տեղեկությունը, որ օդանավն ապարդյուն փորձել է վայրէջք կատարել, ինչի հետեւանքով շարժիչները շփվել են թռիչքուղուն՝ զգալի վնաս պատճառելով:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Կարաչիի մոտ «Պակիստանյան միջազգային ավիաուղիների» օդանավի ողբերգական աղետի հետեւանքով զոհվել էր օդանավում եղած 97 մարդ: Ողջ էին մնացել միայն երկուսը, ընդ որում՝ նրանցից 13-ամյա աղջիկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր ստացած ծանր վնասվածքների հետեւանքով: