Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող COVID-19-ի դեպքերի թվով Հայաստանն անցել է ԱՄՆ-ից եւ հայտնվել աշխարհում 11-րդ տեղում: Վերջին տվյալներով՝ Հայաստանում արդեն կա վարակման 21 717 դեպք՝ սա 7329 դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվարկով: Համեմատության համար՝ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը կազմում է 2 424 492, բայց այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում միայն վարակման 7326 դեպք: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ԱՄՆ-ն այս ցուցանիշով ներկայումս աշխարհում 12-րդ տեղում է:

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք եւ 14 մահ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝  երկրում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 386-ի (սա կազմում է մեկ միլիոն բնակչության հաշվարկով 130 մահ): Կորոնավիրուսով եւս 130 քաղաքացի մահացել է, իշխանությունների ձեւակերպմամբ, «այլ հիվանդությունների պատճառով»: Այսպիսով մահվան դեպքերի թիվը հասել է 516-ի:

Հիմա մեկ միլիոն բնակչության հաշվարկով կորոնավիրուսի դեպքերի թվով 10-րդ տեղում է Պերուն (միլիոնին 7913 դեպք, ընդհանուր 260 810 դեպք): Իսկ առաջին երեք տեղերը դեռեւս զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը: Սակայն հարկ է նշել, որ Վատիկանում արդեն շատ օրեր չեն գրանցել վարակման ոչ մի նոր դեպք, իսկ ամբողջ համավարակի շրջանում գրանցվել է ընդամենը 12 դեպք: Քանի որ Վատիկանի բնակչությունը ընդամենը 801 մարդ է, վարակման 12 դեպքը մեկ միլիոն բնակչության հաշվարկով 14 981 դեպք է: