Երեւանի ավագանու այսօրվա նիստին ընդդիմադիր «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձավ իր նկատմամբ իրականացվող իրավական պրոցեսներին եւ ասաց, որ ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։

Ելույթին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանն՝ ասելով, թե ինչի՞ց պետք է վախենան մարդիկ, նրա ելույթների՞ց։ Ապա ավելացրեց՝ նրա ելույթները օգուտ են, ինֆորմացիա է տալիս ելույթների միջոցով։

Քաղաքապետի խոսքերին արձագանքեց Խաժակյանը․

«Ինչո՞ւ եք Դուք 6-րդ վարչության խոսնակի կամ պաշտպանի դերակատարությունը ստանձնել։ Քրգործերի կամ հնարավոր գործերի վերաբերյալ Ձեր նկատմամբ այնպիսի մանրախնդրությամբ վերաբերեին, ինչպես իմ նկատմամբ, ոչ թե ծանուցում Ձեզ կտային, որ եկեք, ներկայացեք, այլ Ձեր՝ այսքան ժամանակվա արդյունքից ելնելով, 6-րդ վարչությունը կմտներ այստեղ եւ սպեցնազով դուրս կհաներ։ Ուստի, Դուք իմացեք, որ կա ակնհայտ տարբերություն, դրա մասին ուշ թե շուտ մարդիկ կիմանան։ Դուք էլ կհայտնվեք այն վիճակում, գուցե ոչ Հայաստանից, այլ օտար երկրից, ծանուցումներ ուղարկեք, որ իմ նկատմամբ հարուցված քրգործերը քաղաքական են»։

Հայկ Մարությանն անդրադառնալով Խաժակյանի վերջին խոսքին՝ ասաց, որ դա բացառում է․ «Ես դա բացառում եմ, որովհետեւ թե՛ Ձեր, թե՛ այլ մարդկանց տարբեր տիպի հաղորդագրությունների ամենաաբսուրդ մտքերը մեր պատկան մարմինները վերցնում  են որպես վարույթ, եւ ամենաաբսուրդ հարցերով թե՛ ինձ, թե՛ մեր աշխատակազմի ղեկավարին, բոլորին բոլոր մասերով կանչում  են, հարցաքննում են, մեկ-մեկ այդ հարցերը ժպիտով են տալիս, իրենք պետք է պարզեն՝ այդպես է, թե՞ ոչ>։