ՍԴ մեր դիմումի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է ամբողջությամբ ռեվերս անել այս ամբողջը: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մինչեւ իրենք դիմեն ՍԴ, արդեն իսկ ՍԴ որոշ անդամների լիազորությունները դադարած կլինեն:

Հարցին, թե չեք կարծո՞ւմ, որ շատ կարճ ժամանակում ՍԴ համամասնությունը կփոխվի հօգուտ իշխանության եւ ձեր ՍԴ դիմելը ժամանակավրեպ կլինի եւ անգամ գուցե ձեր դիմումը վարույթ չընդունեն, Մարուքյանը պատտասխանեց. «Դուք կտեսնեք, որ մեր դիմումը վարույթ կընդունվի: Երկրորդ, հիշեք, որ ասվում էր, որ ՍԴ 9 անդամներից 7-ը պետք է հեռանան, որովհետեւ նախկիններ են եւ այլն: Հիմա եթե այդ 7-ից երկուսին հանում ենք կամ նույնիսկ եթե երեքին ենք հանում, բալանսը չի փոխվում: Հիմա դուք ուզում եք ասել, որ ՍԴ-ն նախկիններին էր, նորերը գրավո՞ւմ են»:

Նա հավելեց, որ ոչ ոք իրեն չի վստահեցրել, որ իրենց դիմումը վարույէթ է ընդունվելու. «Ես որեւէ շփում որեւէ ներկայացուցչի հետ ես չունեմ: Ինձ ոչ մի բան չեն վստահեցրել, թեկնածությունները կգան ԱԺ, կնայենք: Բայց նախագիծը կազմվել է փնթիաբար եւ փնթիության արդյունքում իրենց նպատակը՝ երեք դատավորներին պաշտոնանկ արվելու, ի կատար չի ածվելու, որովհետեւ չի տարածվելու երրորդ դատավորի վրա: Կամ պետք է գրեին՝ ծնված օրից քանի տարի է եղել ՍԴ դատավոր, որ տարածվեր»:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորներին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Բոլոր դատավորները, որոնք պաշտոնանկ են արվելու, իրավական ընթացակարգերով վերականգվելու են, որովհետեւ տեղի ունեցածը հստակ Սահմանադրության խախտմամբ է տեղի ունեցել»: