Լուծումներ կան. առաջին հերթին աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավորություն ստեղծենք նրանց համար գալ Հայաստան եւ քննություններ հանձնել: Այս մասին, այսօր՝ հունիիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Ջավախքի հայ երիտասարդները չեն կարողանում մուտք գործել Հայաստան եւ մասնակցել ընդունելության քննություններին, նրանք խնդրում են լուծել խնդիրը, գուցե քննություն հանձնելու հնարավորություն ստեղծել Վրաստանի տարածքում:

«Գիտեք, որ կարանտինային իրավիճակ է թե Հայաստանում որոշակի սահմանափակումներով, թե Վրաստանում՝ որոշակի սահմանափակումներով: Մենք այդ լուծումների շրջանակում պետք է կարողանանք ընթացք տալ եւ լուծում տալ խնդրին: Երկրորդ տարբերակն այն է, որ արդեն սեպտեմբերին այլ պայմաններով եւ օտարերկրացիների համար սահմանված կարգով կարող են մասնակցել քննություններին:

Բայց էլի եմ ուզում ասել, որ մենք աշխատում ենք, որ նրանք հնարավորություն ստանան քննություն հանձնել ընդհանուր հիմումքներով հուլիսի սկզբին: Մնացած մանրամասները չբացեմ, բայց բացառվում է, որ մենք  քննություն կազմակերպենք այլ երկրում»: