«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների եւ դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր եւ անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին եւ Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի եւ պատշաճության սահմաններից եւ վիրավորում են ամբողջական համակարգերի եւ դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արձագանք ՀՀ ԲԴԽ նախագահի հայտարարություններին

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների եւ դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր եւ անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին եւ Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի եւ պատշաճության սահմաններից եւ վիրավորում են ամբողջական համակարգերի եւ դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը» որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու նման մոտեցումն ընդհանրապես, այն պարագայում, երբ առանձին դեպքերում հենց դատարանների հակասական, անկայուն վարքագծի, անհիմն եւ որոշ դեպքերում անտրամաբանական պատճառաբանություններով կայացվող որոշումների պատճառով երբեմն չի հաջողվում իրականացնել հստակ եւ կանխատեսելի քրեական քաղաքականություն եւ կոնկրետ դեպքերում պարզապես իմաստազրկվում է հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը:

Բավական է միայն ուշադրություն դարձնել դատախազների կողմից վերադաս դատարաններ վիճարկված եւ բեկանված դատական ակտերի, խափանման միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացվող հիմնավոր միջնորդություններն անհիմն մերժելու արդյունքնում մեղադրյալների կողմից նոր հանցագործությունների կատարման, քննությունից թաքնվելու դեպքերին, ստորադաս դատարանների կողմից Վվճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ոգուն եւ նշանակությանը հակասող որոշումների կայացման պրակտիկային՝ պատկերացնելու համար այն խնդիրների բազմաթիվությունն ու բազմազանությունը (այդ թվում՝ դատախազության կողմից ԲԴԽ-ի առջեւ բարձրացված), որոնց լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձ է արվում քողածածկել նման եղանակով եւ դարձնել այդ խնդիրներն արդարացնելու յուրօրինակ միջոց:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անհաշվենկատ եւ արդարադատության ընդհանուր շահերից չբխող հայտարարություններից եւ գործընկերային մթնոլորտում, առանց ավելորդ զգացմունքայնության եւ լարվածության հարուցման, հանրային ադեկվատ եւ հիմնավորված պահանջներին ականջալուր՝ օրենքի տառին համապատասխան, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում շարունակել իր ոլորտում առկա խնդիրների լուծման, բարեփոխման նախաձեռնություններն ու հանձնառությունները»։