Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների եւ առաջնորդական տեղապահների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի լրատվության բաժնից։

Տեսակապի ձեւաչափով հանդիպմանը մասնակցում էին Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան վարդապետ Ալջանյանը եւ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանը։

Իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Եվրոպայի հայկական եկեղեցական կառույցները ներկայացնող հոգեւորականներին՝ Վեհափառ Հայրապետը կարեւորեց նման հանդիպումների պարբերաբար անցկացումը։ Նորին Սրբությունը ողջունեց ժամանակակից տեխնոլոգիաների գործածությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայոց Հայրապետի հետ առցանց կապ հաստատելու այս հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի հոգեւոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը, Եկեղեցին հուզող հարցերի շուրջ քննարկումների ծավալմանը եւ փորձառության փոխանակմանը։ Հայրապետն օգտակար նկատեց Հայ Եկեղեցու ավանդույթների ու կանոնների շուրջ թեմերի վարչականների ու հոգեւոր սպասավորների գիտելիքների խորացման նպատակով առցանց զանազան ուսուցողական ծրագրերի կազմակերպումը, որոնց իրագործման հարցում կարող են իրենց նպաստը բերել Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի հայ համայնքներին, եկեղեցական կյանքին եւ առկա իրադրության մեջ եկեղեցականների հովվական առաքելությանն առնչվող մի շարք հարցեր։ Թեմակալ առաջնորդները Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ներկա իրավիճակի, համավարակի կանխարգելման եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ թեմերի եւ հայրապետական պատվիրակությունների կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Ուրախությամբ ծանուցվեց, որ առաջիկա ամիս հայկական եկեղեցիները Եվրոպայում կսկսեն լիարժեքորեն գործել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այս կապակցությամբ մասնավոր քննության առարկա դարձավ Սուրբ Հաղորդության բաշխման ձեւի հարցը։ Վերահաստատվեց, որ մինչեւ նոր տնօրինություն պետք է պահպանվի բաշխման ավանդական եղանակը՝ ապահովելով հիգիենիկ բոլոր կանոնները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց համավարակի պայմաններում հարենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող սոցիալական, կրթական եւ առողջապահական ծրագրերի մասին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այն թեմերին, որոնք իրենց նվիրատվություններով զորակցել են Մայր Աթոռի սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաեւ իրենց երկրներում կազմակերպել օժանդակություն կարիքի մեջ հայտնված հայորդիներին։

Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգության եւ ամրակայման աշխատանքների ընթացքին՝ գոհունակությամբ տեղեկացնելով հունիսի 14-ին տաճարի կենտրոնական գմբեթի խաչի օծման եւ տեղադրման մասին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ խաչի զետեղումը Տիրոջ օրհնության եւ շնորհի նշան է, հույս առկա դժվարությունների հաղթահարման եւ կյանքի բնականոն ընթացքի վերականգնման։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգեւոր դասին զորացնել ազգային-եկեղեցական կյանքը թեմերում եւ պատվիրակություններում՝ նպաստելով նաեւ ազգային ինքնության անխաթար պահպանմանը եւ հայ համայնքների պայծառությանը։ Հայոց Հովվապետը կարեւոր նկատեց, որ եկեղեցականների հովվական աշխույժ աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր հայորդի ներգրավվի համայնքային եւ եկեղեցական կյանքում՝ այդպիսով ամրապնդելով իր կապը նաեւ Եկեղեցու, ազգի եւ հայրենիքի հետ։