Երեկ տեղի ունեցած իրադարձությունները աղերս չունեին իրավական պետության հետ և հակաիրավական բնույթի էին։ Այս մասին այսօր ` հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը` խոսելով Սահմանադրության փոփոխությունների մասին։

«Օրը ցերեկով խախտվեցին մի շարք սահմանադրական օրենքներ և սահմանադրության հստակ ամրագրված դրույթներ:

Բավականին անհասկանալի քաղաքական այս շտապողականությունը բովանդակային առումով  անհասկանալի չէր, այլ  կրկնություն էր, գրեթե նույն սցենարով տեղի ունեցավ այն, ինչ տեղի էր ունենում հունվար-փետրվար ամիսներին, երբ իշխող ուժը փորձում էր այսպես կոչված, իրենց կողմից օրակարգ ներմուծված Սահմանադրական դատարանի  արհեստական ճգնաժամի հարցը տեղափոխել հանրության դաշտ, և հարցը լուծել հանրաքվեի միջոցով:

Այս սցենարի մեջ միայն փոխվել է այն, որ իրենք հրաժարվեցին հանրաքվեի տարբերակից` հասկանալով, որ իրենց վարկանիշն անկում է ապրում»,- ասաց  փաստաբանը:

Ըստ Մելոյանի` շատ խորհրդանշական էր Վենետիկի հանձնաժողովի տված խորհրդատվական եզրակացության հրապարակումը։

Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ նախագիծը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, բացի այդ, նաև  դատավորների վաղաժամկետ լիազորությունների հետ կապված պետք է անցումային շրջան սահմանվի, քանի որ   անթույլատրելի է դատավորների լիազորությունների դադարեցումն անմիջապես, ինչը պայմանավորված է միջազգային և իրավական պետությանը հարիր սկզբունքներով` դատավորների անփոփոխելիության,  դատարանների անկախության սկզբունքը:

«Իշխող ուժի պատգամավորներից մեկը բարձրաձայնել էր, որ իրենք խնդիր են տեսնում, քանի որ արդեն իսկ Սահմանադրական դատարանը օրակարգում է ընդգրկել Ռոբերտ Քոչարալի գործը, զավեշտը կայանում է նաև նրանում, որ եթե Սահմանադրական դատարանն այդ քայլին չգնար, մարդու իրավունքներ էր խախտելու, և խախտելու էր Սահմանադրական դատարանի մասին օրենքը»,– ասաց նա:

Ըստ սահմանադրագետի` այսօր, երբ երկրում ունենք վարակի աննախադեպ տարածում, երբ իշխող ուժը ձախողել է համավարակի դեմ պայքարը և երկրում կան  շուրջ 400 մահվան դեպքեր և հազարավոր վարակակիրներ, Սահմանադրական դատարանի հարցի քննարկումը պետք  է  լիներ 60–երորդական հարց իշխող ուժի համար, սակայն հակառակն է: