«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը առանց ընդդիմության մասնակցության, առանց հանրության կարծիքը հաշվի առնելու հապճեպորեն հրավիրեց արտահերթ նիստ՝ լուծելու ՍԴ-ն եւս փաշինյանական դարձնելու ծրագիրը:

Ըստ այդ «գաղափարի», դադարեցվում է ՍԴ երեք դատավորների պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել միայն որպես ՍԴ դատավոր:

Այս նախաձեռնությունն ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերն ու իրավաբանական հանրության մեծ մասը որակել են որպես հակասահմանադրական: Խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ընթացակարգի մասին է, քանզի եզրակացության համար ՍԴ չեն դիմել, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ ՀՀ նախագահի ստորագրման ընթացակարգը «քայլողները» վերացնում են «ոտքի վրա»:

Արդյունքում որոշ ուժեր եւ մասնագետներ այս գործընթացն արդեն գնահատել են որպես «իշխանության զավթում», «սահմանադրական կարգի տապալում», «սահմանադրական հեղաշրջում»:

«Փաստ» թերթի հետ զրույցում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշել է, որ «այսպիսով խախտվում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, խախտվում է նաեւ ժողովրդավարության ամենակարեւոր՝ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը»:

Ըստ Մելիքյանի, «իշխող քաղաքական ուժը օր օրի վերածվում է դասական բռնատիրական մի վարչակարգի»:

Ի դեպ, երեկ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել, որ «Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, եւ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»:

Միեւնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ իշխանություններին կոչ էր արել «առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով՝ սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կատարմամբ եւ Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան հաղթահարելու համար»:

Սակայն փաստացի թե՛ ներքին, թե՛ արտաքին կարծիքները իշխանությունների կողմից շարունակում են մնալ անտեսված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում