Շիրակի Պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Ռեկտորի պաշտոնակարար Երվանդ Սերոբյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել 2018 թվականի մայիսից, առ այսօր անօրինական է կատարում իր գործառույթները։ Եվ այսպես, Սերոբյանի նշանակումից հետո ամիսներ անց, երբ բուհում իրականացվել էին կանոնադրության փոփոխություններ և նշված փոփոխությունները կարող էր գրանցման ներկայացնել միայն ընտրված ռեկտորը կամ ժամանակավոր պաշտոնակատարը (իսկ Երվանդ Սերոբյանը պարտականություններ կատարող էր) ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգ է մտնում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու և նշանակելու հարցը: Երվանդ Սերոբյանը հարժարական է ներկայացնում ռեկտորի պարտականությունները կատարողի պաշտոնից և հոգաբարձուների խորհրդին առաջարկվում է ներկայացնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներ: Որպես թեկնածուներ առաջադրվում են բուհի դեկան Թամարա Մելիքյանը և դասախոսներ Լիլիթ Ասոյանը ու Արման Հովհաննիսյանը: Մրցույթը կայանում է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին:Բուհի ռեկտորի պարտականություններ կատարող Երվանդ Սերոբյանը չի մասնակցում մրցույթին: ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 24 անդամից:ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ներկայցնում է , ըստ ՇՊՀ կանոնադրության, ընտրված է համարվում այն թեկնածուն, ում օգտին քվեարկում են խորհրդի անդամների կեսից ավելին /խոսքը 13 ձայնի մասին է/: Վերոնշյալ նիստում առաջադրված ոչ մի թեկնածու չի ստանում 13 ձայն և մրցույթը համարվում է չկայացած:

Զավեշտը սկսվում է այն պահից, երբ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի առաջարկությամբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Երվանդ Սերոբյանը, ով առաջադրված չի եղել և չի մասնակցել ռեկտրի ժ/պ-ի մրցույթին:
Ավելին Երվանդ Սերոբյանը, ով մետ երկու տարի ղեկավարում է բուհը, օժտված է ռեկտորի բոլոր իրավունքներով և պարտականություններով, չի համապատասխանում ՇՊՀ կանոնադրությամբ նախատեսված ռեկտոր լինելու չափանիշներին: Այսինքն ստացվում է, որ հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժ/պ-ի պաշտոնին ապօրինաբար նշանակել է անձի, ով չունի ռեկտոր լինելու իրավունք: Այս պարագայում, ելնելով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի տրամաբանությունից, ռեկտորի ժ/պ-ի պաշտոնում կարող էր նշանակվել ցանկացած 18 տարին լրացած անձ /այդ թվում բուհի ուսանողներից/ և օգտվել բուհի կանոնադրությամբ ռեկտորին վերապահված ցանկացած իրավունքից:

ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը Երվանդ Սերոբյանին նշանակելով ռեկտորի ժ/պ-ի պաշտոնում, կոպտորեն խախտել է Հիմնադրամների մասին, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքները և ՇՊՀ կանոնադրությունը: Վերոնշյալ իրավական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակել միայն հիմնադիրը, այն էլ նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բուհում մինչև խորհրդի ձևավորումը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով: Տվյալ պարագայում հիմադիրը ՀՀ Կառավարությունն է: Բուհի կանոնադրությունը հոգաբարձուների խորհրդին իրավասություն չի տվել նշանակելու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
​Երվանդ Սերոբյանի նշանակման արդյունքում բուհը գտնվում է խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտում, ձախողված է ընդունելության գործընթացը, օրեցօր նվազում է բուհի ենթակայության տակ գտնվող ավագ դպրոցի աշակերտների թիվը,բուհը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդիրների առջև:Բարձրագույն կրթությունից հեռու կրկնուսույցի ղեկավարմամբ բուհը շուտով կանգնելու է լուծարման շեմին:

​Համալսարանի աշխատակիցների և ուսանողների բնութագրմամբ բուհում իրականացվում է տարերային կառավարում, տարածված խոսակցությունների համաձայն ռեկտորի ժ/պ նպատակ ունի օր ավել մնալու իր պաշտոնին, նույնիսկ իր կառավարումը երկարաձգելու համար 2019 թվականի դեկտեմբեր ամսին, կրկին ապօրինաբար, առանց հոգաբարձուների խորհրդի համաձայնության, վարկ է վերցրել բուհի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ / պարգևատրում տալու/ համար: Վարկով պարգևատրել է անձնակազմին, դժգոհությունները մեղմելու և պաշտոնին մնալու համար: Բացի այդ բուհը Բաց հասարակությունների հիմնադրամից ստացել է 17 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Թե ինչ նպատակով է այն ծախսվել, արդյո՞ք ծառայել է բուհի խնդիրների լուծմանը, թե գրպանվել է թերեւս առանձին քննարկման թեմա է։

Նկատենք, որ Երվանդ Սերոբյանը այս պաշտոնին է բացառապես այն հանգամանքով պայմանավորված, որ վայելում է օրվա իշխանությունների և մասնավորապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը։ Բացի այդ Երվանդ Սերոբյանը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարեն Պետրոսյանի քեռին է։ Պետրոսյանը 2018-ի հայտնի իրադարձություններից հետո բողոքի ակցիաներ էր իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունները գտան նրան լռեցնելու ձևն ու պաշտոն տվեցին։
Բուհում առկա այս եւ մյուս խնդիրներին, ազգակցական կապերի միջոցով պաշտոններ ստանալու, մարզային իշխանությունների դիրքորոշումներին կանդարադառնանք հաջորդիվ։