«Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք պառլամենտի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել: Բողոքարկողի տեղն էլ Սահմանադրական դատարանն է: Իսկ մենք՝ դատավորներս, չենք կարող նախնական կարծիք հայտնել, կարծիք հայտնելու դեպքում պետք է չմասնակցեմ գործի հնարավոր քննությանը»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է թոշակի գնալ, նա պատասխանեց. «Ես փողոցից չեմ եկել այս շենք, այս շենք ես 1997թ. եմ եկել՝ ԱԺ ընտրությամբ, ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ այնտեղ հավաքել՝ որպես ՍԴ դատավոր: 2005թ. իմ ժողովուրդը հաստատել է, որ՝ Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմանով 1997թ. քեզ նշանակել ենք: Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարի: 2015թ. ժողովուրդը նորից եկել է՝ հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Թե հիմա ինչո՞ւ է պառլամենտը ժողովրդի ասածը ուզում փոխել, դա իրենց հարցրեք: Մենք ունենք օրինական ակնկալիքներ, 1997թ., որ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Ցանկացած դատավոր, երբ նշանակվում է որևէ պաշտոնի, ունի օրինական ակնկալիքներ, որ, եթե ինքը իրեն օրինապաշտ է պահում, չի խախտում օրենքները, այլ պաշտոն չի զբաղեցնում, որը չի կարելի, իրավունք ունի մինչև իքս տարին, որ իրեն թույլ են տվել, աշխատի:

Մոտավորապես այս վիճակը եղել է Հունգարիայում, բացեք Եվրոդատարանի հայտնի որոշումը, ու կտեսնեք՝ այս հարցի լուծումը ոնց է տվել Եվրոդատարանը: Չի կարելի երեկոյան քնել, առավոտյան զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես: Երկրորդ՝ ես խնդրում եմ, դուք նայեք վենետիկցիների կարծիքը՝ նրանք կամավոր և պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, դա եղել է նախորդ տարի, և մեր իշխանությունները համաձայնել են, որ միայն կամավոր կարող են գնալ, պարտադիր չեն կարող, դրա հիման վրա մեզ 2 ամիս ժամկետ տվեցին, ասացին՝ թոշակի գնացեք, լավ էլ պայմաններով: Մենք հրաժարվել ենք: Մի քանի ամիս հետո եղավ ամենաճիշտ որոշումը՝ հանրաքվեով հարցի որոշումը: Հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին, այն ժամանակ այսօրվա կորոնավիրուսային վիճակը չէր, և հանրաքվեն հնարավոր էր անել: Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ՝ երկու փուլով, այսինքն՝ կարելի էր հանրաքվեն անել»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ այսինքն՝ հանրաքվեն սահմանադրակա՞ն էր, որովհետև ասում էին, որ այն հակասահմանադրական է:

«Ես չեմ կարող ասել, կարող եմ ձեզ ասել վենետիկցիների ասածը, այդ թվում՝ վերջին. դուք մի ղեկավարվեք միայն իշխանության մեկնաբանություններով՝ ինչ է  ասել Վենետիկը, բացեք կետերով նայեք վենետիկցիների կարծիքը, ուղղակի գրված է՝ ձեր արածը չի համապատասխանում մեր արածին, ինչո՞ւ եք ասում, որ սա դրական կարծիք է և համահունչ է, չի կարելի այդպես: Դրանից հետո, որ հանրաքվեն չի եղել, ես չգիտեմ՝ ինչ հրատապ հարց պետք էր լուծել, որ այսպես մի օրվա մեջ Սահմանադրություն են փոխում. դա աննորմալ ընթացք է: Այստեղ պատահական մարդիկ չեն նստած»,- պարզաբանեց նա: