ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարահի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից, առաջնորդներից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն մաղթանքներս: Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը: Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը: Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,-նշել է Չինաստանի նախագահը:

Ծննդյան օրվա առթիվ իր բարեմաղթանքները հղելով՝ Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան հույս է հայտնել, որ Իտալիա նախատեսվող առաջիկա պետական այցի շրջանակում կհյուրընկալի Արմեն Սարգսյանին Քվիրինալյան պալատում:

«Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»,-նշված է Իտալիայի նախագահի ուղերձում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի իր գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլին նրան մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություն` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։

«Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար»,-մասնավորապես ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:

Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ, ով իր ողջ ուժերը ներդնում է հանուն երկրի և ժողովրդի բարօրության: Այս մասին իր շնորհավորական ուղերձում նշել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Ղազախստանին ու Հայաստանին երկար տարիներ կապում են բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հետագայում ևս նպաստելու է բազմակողմ և երկկողմ համագործակցության ընդլայնմանն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»,-մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, շնորհավորական իր ուղերձում, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ղազախական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր կապերի և փոխվստահության վրա, հետագայում ևս կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

«Ձեր կյանքի և քաղաքական ուղու հարուստ փորձը, Հայաստանի կայուն զարգացման գործում ծանրակշիռ ներդրումը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վառ օրինակ են, ինչն արդարացիորեն Ձեզ արժանացրել է անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-նշել է Ղազախստանի նախագահ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը:

«Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում: Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները: Հուսով եմ՝ շուտով կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու և շարունակելու աշխատանքներն ապագային միտված մեր ընդհանուր ծրագրերի իրագործման շուրջ»,-նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, շնորհավորական իր ուղերձում, Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես նշել Ձեր նշանակալի ներդրումը Ռուսաստանն ու Հայաստանը կապող բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հետագա ընդլայնումը, նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,-ասել է նա:

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ նույնպես շնորհավորական ուղերձ է հղել:

«Բելառուսի Հանրապետությունում Ձեզ ճանաչում են որպես փորձառու պետական գործչի, որն իր ամբողջ եռանդն ու գիտելիքներն է ներդնում Հայաստանի և նրա ժողովրդի բարեկեցության բարձրացման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից Արմեն Սարգսյանին ջերմորեն շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի: Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետևողական ջանքերն՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների զարգացման ու զորացման, նոր աշխարհում հայ ժողովրդի տեղի ու դերի ամրապնդման, մեր սերունդների հուսալի ու ծաղկուն ապագայի կերտման հայրենանվեր գործին: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ համազգային խնդիրների լուծման ճանապարհին: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք»,-ասել է Արայիկ Հարությունյանը: