2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երեւանի Հյուսիսային պողոտայում (բնակարան եւ ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Այս մասին «Հետքը» գրել էր դեռ 2018-ին: Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը ճշտվել է այդ երկրի կադաստրից:

Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երեւանում ու Պրահայում:

Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են:
Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրեւ համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչեւ 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձեւաչափով:

Մանրամասները՝ այստեղ