ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Բարաք Օբամային, մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ հայտարարելով, որ 2016 թվականին հետեւել են իր նախընտարական քարոզարշավին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա պետական դավաճանություն է: Տեսեք, երբ ես շատ վաղուց ելույթ էի ունենում ասում էի, որ նրանք լրտեսել են մեր քարոզարշավը: Նրանք գաղտնալսել են, դա ասվել է փակագծերում եւ նշանակում էր գաղտնալսման ժամանակակից մեթոդներ… Նրանք լրտեսել են իմ քարոզարշավը, ես դրա մասին արդեն ասել եմ շատ վաղուց: Ինչպես պարզվում է, ես իրավացի էի»,- ասել է Թրամփը CBN News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները հետեւել են 2016 թվականի իր նախընտրական քարոզարշավին: Թրամփի դեմ հետաքննությունը վարել է ՀԴԲ-ն 2016-2017 թվականներին՝ դեմոկրատ նախագահ Օբամայի օրոք: Այն կրել է «Խաչաձեւ կրակի մրրիկ» (Crossfire hurricane) ծածկագրային անվանումը: Քննիչները փորձել են պարզել՝ այդ ժամանակ դեռեւս թեկնածուն ռուսական իշխանությունների հետ համաձայնությա՞ն է եկել հանուն ընտրություններում հաղթանակի: Ավելի ուշ այս նույն հարցը քննել է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը 2019-ի գարնանը հանգել է այն եզրակացության, որ նման համաձայնության ապացույցներ չկան:

Ռուսաստանն ու Թրամփը կտրականապես հերքել են մեղադրանքները, ԱՄՆ նախագահի կարծիքով՝ դրանք քաղաքական պատճառներ ունեն: