«Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, որը գործում է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ Ես արձանագրում եմ, որ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի քննարկել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, ըստ որի՝ դադարեցվելու է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։

Իշխանությունների այն պնդումներին, թե ՍԴ-ն չի կարող իր վերաբերյալ որոշումները քննել, դրա համար նախագիծը ՍԴ չի ուղարկվել, Թովմասյանը պատասխանեց, որ գործող Սահմանադրությունում գրված չէ, որ եթե փոփոխությունները վերաբերվելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության։

Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է դրանց ենթարկվել-չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվելու, ասաց նա։

Հրայր Թովմասյանն ասաց, որ որպես իրավաբան՝ երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն է ունեցել։

«Հրայր Թովամսյանի համար նոր իշխանություն, նախկին իշխանություն․․․ իրենց ասածները Հրայր Թովմասանի համար հարյուրերորդական են։ Հրայր Թովմասյանը բազմիցս ասել ա՝ գլուխը կախ գալիս է իր աշխատանքն անում է, գնում է»,- հավելեց նա։