Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Սեեհոֆերը արգելել է աջ ծայրահեղական Nordadler  («Հյուսիսային արծիվ») խմբավորումը, հայտնում է DW-ն:

«Այս խմբավորումն ակտիվ է հիմնականում համացանցում: Առավոտից ոստիկանական միջոցառումներ են անցկացվում չորս դաշնային նահանգներում: Համացանցում տեղ չկա աջ ծայրահեղականության եւ հակասեմիտության համար»,- երեքշաբթի՝ հունիսի 23-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԳՆ ներկայացուցիչ Սթիվ Ալթերը:

Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ Nordadler խումբը դավանում է ազգային-սոցիալիստական ​​գաղափարախոսությանը եւ օգտագործում է նաեւ «Ժողովրդական հեղափոխությունը», «Ժողովրդական երիտասարդություն», «Ժողովրդական համայնք» եւ «Ժաղովրդական վերածնունդ» անվանումները: Nordadler-ի անդամները երկրպագում են Ադոլֆ Հիտլերին եւ նացիստական ​​մյուս առաջնորդներին եւ օգտագործում են նացիստական ​​ռեժիմի խորհրդանիշներն ու խոսքը:

Գերմանիայի ներքին գործերի գերատեսչությունում նշել են, որ Nordadler-ի ակտիվիստները մտադրություն ունեին համախոհների հետ ազգային-սոցիալիստական գյուղ հիմնել: Նրանք չեն թաքցնում իրենց ընդգծված հակասեմիտական հայացքները: Telegram-ի բաց խմբում Nordadler-ի ղեկավարն աջակցություն էր հայտնել 2019 թվականի հոկտեմբերին հարձակմանը Հալլայի սինագոգի վրա, որի ընթացքում 28-ամյա գերմանացին փորձել էր ներխուժել հրեական տաճար: Երբ դա նրան չէր հաջողվել, տղամարդը երկու մարդ էր գնդակահարել փողոցում եւ թուրքական ճաշարանում: Հուլիսին նա կկանգնի դատարանի առջեւ:

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում նշել են, որ սա Գերմանիայում աջակենտրոն ծայրահեղական խմբավորման արգելման 20-րդ դեպքն է եւ երրորդը՝ միայն այս տարի: Հունվարին Գերմանիայում արգելվել էր Combat 18 խմբավորումը, իսկ մարտին՝ Reichsburgers Geeinte deutsche Völker und Stämme-ի միավորումը: