ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը փոխանցել են 25 պատգամավորների ստորագրությունը, որով ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան՝ երեկ խորհրդարանում ընդունված փոփոխությունների նախագիծը վիճարկելու համար: Նախ ընդգծենք, որ ԲՀԿ-ին դա անելու համար պակասում է երկու պատգամավորի ստորագրություն եւ հենց այդ պատճառով էլ նրանք դիմել են իրենց ընդդիմադիր գործընկերոջը (ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն):

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, հավելելով, որ իրենց փորձագետները առաջիկայում կամփոփեն եւ կներկայացնեն իրենց գործընկերներին այն հիմքերը, որով անհրաժեշտ կլինի վիճարկել ՍԴ-ի հետ կապված երեկ կայացրած որոշումը: Ավելին, Իսայանը փոխանցեց, որ իրենք լուսավորականներին առաջարկում են նույնիսկ համատեղ դիմումով հանդես գալ: «Եթե իրենք ունեն այլ առաջարկներ վիճարկման հետ կապված, ապա կարող են դիմումի մեջ փոխլրացումներ կատարել եւ համատեղ ներկայացնել իրենց բողոքը ՍԴ»,-հայտնեց նա: Պատգամավորի խոսքով փաստաթուղթը փոխանցել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հավելենք, որ ԼՀԿ ներկայացուցիչները երեկվանից եւ նաեւ այսօր հայտարարում են, թե կարձագանքեն միայն այն դեպքում, երբ իրենց ձեռքի տակ լինի ԲՀԿ-ականների դիմումը՝ համապատասխան ստորագրություններով: