Կորոնավիրուսային հիվանդությունից մահացության առումով Հայաստանն աշխարհում լավագուն ցուցիչ ունի: Ցավալի է, որ մարդիկ են մահանում, սակայն, ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, նման ցուցանիշ է առկա: «Մենք արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է:

«Մահացության առումով Հայաստանն ունի շատ երկրներից ավելի լավ ցուցանիշ, Covid-ի սիստեմում ներգրավված է 4000 բուժաշխատող, սակայն համակարգում ընդգրկվածները 40.000 են, և հենց նրանք են, որ մինչ օրս կարողանում են  առաջնագիծը պահել: Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց»,-առցանց ասուլիսի ընթացքում ասաց  նախարարը:

Ըստ Թորոսյանի, արվում է  ամեն ինչ մահվան քիչ դեպքեր ունենալու համար: Ներկա պահին առողջապահական համակարգի նկատմամբ ուշադրությունը շեշտակիորեն աճել է և այդ ուշադրությունը վերածվում է նյութական և շոշափելի գործողությունների:

«Առողջապահական համակարգը դուրս կգա այս իրավիճակից ավելի ուժեղացած, չնայած որ ներդրվելու են մարդկային անասելի ջանքեր, մեծ էներգիա, դժբախտաբար նաև մարդկային կյանքեր ու ճակատագրերի խնդիրներ են լինելու»,-ասաց Թորոսյանը:

Հիմա Հայաստանի խնդիրը թվերը ցածր պահելն ու նոր դեպքերի քիչ արձանագրումն է:

«Բացարձակ թվերի առումով երկիրը կայուն վատ վիճակում է, բայց միտումների առումով դրական արդյունք կա: Ամեն օր արձանագրվող նույն բացարձակ թիվը դա ավելի փոքր տոկոս է նախորդ օրվա թվի համեմատությամբ: Այսինքն, ունենք օրականա աճի իջնող տեմպ տոկոսային առումով: Մենք պետք է բացարձակ թիվը ևս իջեցնենք»,-տեղեկացրեց Արսեն Թորոսյանը: