Այս պայմաններում, եթե որեւէ մեկը ինձ կարող է ասել կախյալ, ապա նա ընդամենը մեղանչում է իր խղճի դեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

«Պաշտոնավարելն ինքնանպատակ չի: Ես մի տարի ՄԻԵԴ-ից շուտ վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանայի այստեղ ընդհում մինչեւ 70 տարի պաշտոնավարելու դեպքում, դեռ մի բան էլ ավելի: Բայց ես մտածել եմ, որ ունեմ դեռ այդ կարողությունը, որ այնտեղ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել այստեղ: Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարելի էր Եվրոպան թողնել գալ: նույնիսկ ուղիղ այդպիսի արտահայտություններ են եղել եւ նախկին, եւ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Դա իմ տեսակն է, ես եկել եմ, որպեսզի իմ երկրում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք ինքը այս օրենքում քաղաքական տարրեր տեսնո՞ւմ է, Ալվինա Գյուլումյանն ասաց. «Խորհրդարանը քաղաքական մարմին է եւ նույնիսկ օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք: Ես դրանում ոչինչ արգահատելի չեմ տեսնում»։

ՍԴ-ի նկատմամբ հանրային անվստահության թեմային անդրադառնալով, Գյուլումյանն ասաց, որ ինքը նման բան չի նկատել. «Եղավ այստեղ ցույցի պես մի բան, եւ ես այն ժամանակ ասել եմ, որ այդ 10 հոգուն ժողովուրդ չեմ համարում»։

Դիտարկմանը, որ ՍԴ-ն կախված է նախկին իշխանությունից եւ նրանց վերջին «փրկօղակն է», Գյուլումյանն ասաց.

«Ես կցանականայի տեսնել որեւէ մեկին, որը կարող է եւ ընդունել է ավելի համարձակ որոշումներ, եւ նախորդ իշխանության դեմ եւ մյուսի, որը ավելին է արել, քան ես: Ես խորհրդային տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել եւ Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին: Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը չնյայած ամեն տեսակ ճնշումներին, կարողացել է Դաշնակցության գործը երկրորդ անգամ չկասեցնել: Դա իմ վարույթում էր գտնվում եւ ես այն ուղղակի առանց քննության եմ թողել: Ես այն դատավորն եմ եղել, որ 1995 թվականի ընտրությունների արդյունքում գործ քննելուց կարողացավ դահլիճում կանգնել ու հայտարարել, որ դատարանը ձեզ համար ստալինյան տրոյկա չի, որ ինչ բերեք՝ դակենք: Ի վերջո, ես այն դատավորն եմ, որն արդեն ՄԻԵԴ-ում կայացրել եմ որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի իշխանության օրոք»։

Անդրադառնալով դատարանների մուտքերի շրջափակմանը, դատավորներին ընկճելու գործընթացին, ՍԴ անդամն ասաց. «Դատարաններ շրջափակելով ինձ ընկճե՞լ են: Այն դատավորները, որոնց կարողացել են ընկճել, նրանք ընկճվել են ցանկացած իշխանության առջեւ, լինի նախորդը, թե նորը: Ես հարմարվողների մասին չեմ խոսում, ես ինքս երբեք չեմ հարմարվել»։