ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել՝ Սահմանադրական դատարանի խնդրի լուծման ճանապարհին: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Վենետիկի հանձնաժողովը մինչև վերջնական կարծիք հրապարակելը որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ, քննարկումներ, կարող են նախնական փաստաթղթեր շրջանառել, բայց դրանք հրապարակման ենթակա չեն: Եվ դրանց մասին խոսելը վաղ է»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ երբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կհրապարակվի, պատրաստ են ամեն առանձին հատվածի վերաբերյալ տալ մեկնաբանություն:

«Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել թեկուզ նախագծի մշակման և այն լուծումը գտնելու ճանապարհին, որը քննարկվելու է առաջիկայում լիագումար նիստով: Եվ մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ բոլոր կարծիքների,  բոլոր մոտեցումների համար: Այլ է հարցը, որ գործընկերային մոտեցման շրջանակներում, հնարավոր է, որ առանձին հատվածներ կարող են լինել ընդունելի, կարող են լինել ոչ ընդունելի»,-նշեց պատգամավորը: