Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը 2020 թ. հուլիսին կկանգնեցվի՝ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) իրականացման նպատակով: ՊՆՎ–ը ցանկացած ԱԷԿ-ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում է վառելիքի փոխաբեռնում եւ կայանի պլանային վերանորոգում:

Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում:

Ինչպես նշում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծով նախատեսվող, միջուկային եւ ռադիացիոն անվտանգության հետ կապված առանձին միջոցառումների յուրահատկությունը պահանջում է դրանց իրականացման համար ներգրավել համապատասխան կարգավիճակ (հավատարմագրում, վկայագրում, հավաստագրում) ունեցող մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունեն եզակի սարքավորումներ, տեխնոլոգիաներ եւ բարձր որակավորում ունեցող  անձնակազմ:

Վերոնշյալ բոլոր միջոցառումները ընդգրկվել են առանձին ցանկում, եւ դրանց իրականացման համար կազմվել եւ ստորագրվել է համապատասխան Շրջանակային համաձայնագիր, որը պարունակում է ավելի քան  50 միջոցառում, «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքման նպատակով՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության Որոշման: Համաձայնագրի պայմանները տարածվում են նախագծի շրջանակներում կնքվող պայմանագրերի վրա:

Ֆինանսավորման աղբյուրին առնչվող խնդիրը ոչ մի կերպ չի անդրադառնա ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր նախագծի վրա: «Մենք միշտ կատարում ենք միջազգային նախագծերով ստանձնած մեր պարտավորությունները, մասնավորապես, Հայաստանում մենք այսուհետ եւս պատրաստ ենք շարունակել Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն ուղղված վերանորոգման աշխատանքները: Մեզ համար ոչինչ չի փոխվել: Մայիսին մենք կնքել ենք ՀԱԷԿ-ի հետ երկու պայմանագիր. առաջինը՝ ռեակտորի իրանի վերականգնիչ թրծաթողման իրականացման մասով, եւ արդեն ձեռնամուխ ենք եղել նախապատրաստական աշխատանքներին, եւ երկրորդը՝ ռեակտորի ակտիվ գոտու հովացման համակարգի արդիականացման մասով: Բացի այդ, տարվելու են ԱԷԿ-ը հաջորդ տարի հիմնանորոգման համար նախապատրաստելուն ուղղված աշխատանքներ», — մեկնաբանում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ  գլխավոր տնօրեն Եվգենիյ Սալկովը:

«Ինչ վերաբերում է հայկական եւ ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերություններին, ապա համագործակցության անցյալ տարիներից ի վեր դրանք միայն կատարելագործվում են . աճում է փոխըմբռնումը, վստահությունը, համատեղ գործողությունների կառավարման եւ համակարգման ընթացակարգերը պարզեցվում են, դրսեւորվում է հավասար հետաքրքրվածություն աշխատանքների վերջնական արդյունքի նկատմամբ», — ընդգծեց  Մովսես Վարդանյանը: