Ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը անդրադարձել է վերջին 2 տարում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հասանովը նախ նշել է, որ բանակցություններ են ընթանում, ապա հավելել, որ հայերը սահմանին տեսահսկման համակարգեր են տեղադրել։

«Հայերն ԱՄՆ-ում իրենց հովանավորների շնորհիվ տեսահսկման համակարգեր են գնել և տեղադրել շփման գծի երկայնքով և հետ քաշվել, որպեսզի մենք նրանց չկարողանանք հասնել հրաձգային զենքով։ Ես այդ մասին ասել եմ ԱՄՆ ներկայացուցիչներին, նրանք այդպես էլ չկարողացան բացատրել՝ ինչպես են արել»,- ասել է Հասանովը։ Նրա ասածից կարելի է ենթադրել, որ տեսահսկման համակարգերի առկայությունն է, որ ինչ-որ չափով զսպում է ադրբեջանական կողմին հարձակումներ չիրականացնել հայկական կողմի ուղղությամբ։ Հակառակ դեպքում, այդ համակարգերի միջոցով հնարավոր է արագորեն պարզել, թե որ կողմն է խախտել հրադադարը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ հայերն առավելություն ունեն, քանի որ շփման գծում չունեն բնակավայրեր, իսկ ռազմաճակատում անհանգիստ իրավիճակների դեպքում «հարվածում են ադրբեջանական բնակավայրերին»։