ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով, երբ նախորդ շաբաթ Գլխավոր դատախազը խորհրդարանում ներկայացնում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ Գլխավոր դատախազը չի կատարում իր գործառույթները և հիմնազուրկ միջնորդությամբ է հանդես գալիս:

«Նախկինում մեր հնչեցրած բոլոր հայտարարություններն ուժի մեջ են, սակայն այսօր չեմ ուզում անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչու, ինչպես և ինչի համար: Կարճ կասեմ, որ սա ոչ մեր՝ խորհրդարանական ընդդիմության հաղթանակն է, ոչ  իշխանության պարտությունը, սա ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության մեր տեսակետները: Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Մենք նշել ենք արդեն, որ իրավական առումով որևէ հիմք չկա և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները»,-ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Իվետա Տոնոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն այսօր մասնակցելու է ԱԺ նիստին, որի օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցն է։

«Բոյկոտը մեր բողոքի խոսքն էր խորհրդարանի ապօրինի քայլին։ Բնականաբար մենք շարունակում ենք մեր օրենսդիր գործունեությունը և այսօր ևս մասնակցելու ենք խորհրդարանի արտահերթ նիստին, որպեսզի ներկայացնենք մեր հիմնավոր հակափաստարկները, որոնք մենք տեսնում ենք օրենսդրական այս նախաձեռնության հետ կապված: Այսօր լրջագույն խնդիրների դեմ պայքարելու փոխարեն, շարունակում են պայքարը ՍԴ  դատավորներից ձերբազատվելու ուղղությամբ»,-նշեց նա։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Շաքե Իսայանն էլ ընդգծեց,  որ իրենց այս մասնակցությունը կապ չունի Ծառուկյանի կալանավորվելու կամ չկալանավորվելու որոշման հետ:

«Անգամ եթե պարոն Ծառուկյանը հիմա գտնվեր անազատության մեջ, միևնույն է մենք մասնակցելու էինք և բարձրաձայնելու էինք այն բոլոր խնդրահարույց կետերը, հակասահմանադրական օրենքի նախագծերը, որոնց այս օրերին այս իշխանության ներկայացուցիչները փորձում են այսպես օրենքի ուժ տալ»,-եզրափակեց Շաքե Իսայանը։