Այսօր Ազգային ժողովի խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է այսօր ժամը 13։00-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, այս մասին քիչ առաջ ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԱԺ արտահերթ նիստի օրակարգային միակ հարցը երկրի Մայր օրենքում՝ ՀՀ Սահմանադրության մեջ կատարվող փոփոխություններն են, որի համար նախատեսված է քննարկում երեք ժամ։

«Ամբողջ աշխարհում, գիտեք, երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու համար դեբատներ են կազմակերպվում, բանավեճեր, իսկ Հայաստանում դրա համար նախատեսված է երեքժամյա քննարկում։ Սա լուրջ խնդիր է թե մեր միջազգային պարտավորությունների, թե մեր ասածների իմաստով», -հայտարարեց Մարուքյանը։

Նրա խոսքով, Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն ուղարկվելու Սահմանադրական դատարան, քանի որ քննարկումների ու ընդունման համար նախատեսված է 3 ժամ։

Մարուքյանը հիշեցրեց, որ Սահմանադրական հանրաքվե իրականացնելուն իրենք դեմ են եղել, չեն ձևավորել «ոչ»-ի շտաբ։ «Հիմա նույն բանն անում են խորհրդարանում։ մենք ասելիք չունենք, առաջին անգամ արդեն ասել ենք, և երկրորդ անգամ կարիք չկա ասելու։ Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք, քննարկումներ են ընթանում դեռ, բայց դոմինանտն այն է, որ անիմաստ է ընդհանրապես նիստին գնալը», -հայտարարեց Մարուքյանը։