Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմել-չդիմելու հարցը քննարկելիս երկու արժեքի միջեւ պետք է ընտրություն կատարվի. մի կողմից առկա է ուղիղ եւ ակնհայտ շահերի բախման ուղիղ եւ ակնհայտ իրավիճակ, մյուս կողմից արդարադատության իրականացնելու շահն է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ի արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Այստեղ պետք է հաշվի առնենք մի բան, որ ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների մասով ունի նախնական վերահսկողության գործիքը, որը մինչեւ «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված վերջին օրենսդրական փոփոխությունները ընդհանրապես սահմանափակված չէր: Այսինքն պարզ չէր, թե ՍԴ-ն սահմանադրական փոփոխությունների եւ Սահմանադրության միջեւ հակասությունը ինչ տեսանկյունից պետք է գնահատի:

Ես նշեցի, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերահսկողության ինստիտուտի հետ կապված ընդհանուր առմամբ ԵԽ տարածքում ընդունված գործիք չի նախնական սահմանադրական վերահսկողությունը կրկին 2015-ի Սահմանադրական փոփոխությունների նորամուծություններից մեկն է եղել: Ես կարծում եմ, որ գործ ունենք շահերի բախման ուղիղ իրավիճակի հետ եւ պետք է փորձենք լուծել այդ հակասությունը»,-ընդգծեց նախարարը: