Դուք տեսաք, թե ինչպես դատարանում ջարդուփշուր եղավ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը, որովհետեւ որեւէ հիմնավոր փաստ, բացի A4 ֆորմատի թուղը օդում թափահարելը, որ տեսեք Վալոդիկը կամ Սուրենչիկը գրել են, որ ինչ-որ մեկին Գագիկ Ծառուկյանը ասել է ինչ-որ բան, չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսինքն որեւէ փաստ, որ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է փողոց քվե գնել, այդ թափահարած թղթի մեջ չկար»,-ասաց նա:

«Քանի որ սկսված է բազմավեկտոր եւ ֆրոնտալ հարձակում մեզնից յուրաքանչյուրի վրա, ուրեմն բարմեն ներկայացած ոմն Գուռամ Վաշակիձե իր էջում հրապարակել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերից մեկում մենք մտել ենք ռեստորաններից մեկը եւ այստեղ գալիս է ամենահետքրքիրը, որ Նաիրա Զոհրաբյանը այդ ռեստորանում փակել է մեկ մլն դրամի հաշիվ: Հիմա ես անձամբ այսօր դիմել եմ քաղաքացիական դատարան: Ես հասկանում եմ, որ իրական կնոջ մասին պատկերացումները մեզ մոտ տարբեր են, Նաիրա Զոհրաբյանը երբեք տղամարդկանց հաշիվ չի փակում, Երկրորդ, միգուցե եղել է նման դեպք, մենք երբեւէ որեւէ մեկի բանակի քեֆը կամ հարսանիքը չենք արել, որպեսզի ստիպված լինեինք մեկ մլն դրամ փակել:

Հարգելի Գուռան Վաշակիձե, ես հույս ունեմ, որ դուք դատարանում կհիմնավորեք, որ Նաիրա Զոհրաբյանը փակել է 1 մլն դրամի հաշիվ: Ես ներկայացրել եմ հայց՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում՝ 2 մլն դրամ»,-ասաց նա: