Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որից իրազեկվել ենք, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Որքան հասկացա, երեքժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, երեք ժամ ատռաջարկությունների համար, հետո գնում է երկրորդ ընթերցում:Գիտեք, որ ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխբվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այս ձեւով: Այսինքն առավոտյան իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի ու փոխվում է Սահմանադրությունը: Սա լուրջ խնդիր է թե մեր միջազգային պարտավորությունների մասով, թե ընդհանրապես ժամանակին ասվածի եւ քննարկված մասով»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ պարզվում է, որ այս նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի ուղարկվելու ՍԴ. «ԼՀԿ-ն իր դիրքորոշումը արտահայտել է սահմանադրական հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ, մենք դեմ ենք քվեարկել, ստացել ենք լեգիտիմ իրավունք ձեւավորելու «ոչ»-ի շտաբը, չենք ձեւավորել «ոչ»-ի շտաբը եւ կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին չձեւավորել «ոչ»-ի շտաբ: Քաղաքական ուժերը այդ օրակարգը ընդունել են եւ չի ձեւավորվել: Հիմա մեծ հաշվով ասելիք չունենք, որովհետեւ ինչ ասելու էր, ասել ենք: Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք»,-ասաց ԼՀկ ղեկավարը: