Հարգարժան կոլեգաներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով ամուր կամք, պինդ առողջություն, որպեսզի կարողանաք շարունակել անմնացորդ կերպով հավատարիմ մնալ ձեր աստվածահաճո առաքելությանը։

Բուժաշխատողներն այսօր ամբողջ աշխարհում առաջնագծում են: Նրանց վրա դրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդասիրական պատասխանատվություն:

Հայաստանում այսօր` հունիսի 21-ին, նշվում է բոլոր ժամանակների ամենապատասխանատու մասնագիտությունն ընտրած` բուժաշխատողների մասնագիտական տոնը:

Ցանկացած իրավիճակում արժևորվել և բարձր է գնահատվել բուժաշխատողների աշխատանքն ու դերը: Այսօր, առավել քան երբևէ, համավարակի դեմ պայքարում բուժաշխատողների անձնուրաց գործն անգնահատել է: Մասնագիտական տոնը ևս մեկ հրաշալի առիթ է մեր անսահման շնորհակալության և երախտիքի խոսքը հղել հանրապետության բոլոր բուժաշխատողներին։ Նրանցից շատերը համավարակի դեմ պայքարում ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային սխրանքներ են կատարել և կատարում: Իսկապես անգնահատելի է ձեր ներդրումն ու առաքելությունը մարդկային կյանքերի փրկման գործում։ Ձեր բազում անքուն գիշերների, ծանր հերթապահությունների, գերլարված աշխատանքային օրվա լավագույն արդյունքն ապաքինված քաղաքացիներն են, որը մեզ մեկ քայլ մոտեցնում է համավարակի հաղթահարմանը: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, շատերը խորհրդանշական այս օրը կանցկացնեն մասնագիտական պարտքը կատարելով` հիվանդասենյակներում, վիրահատարաններում, շտապօգնության մեքենաներում, հոսպիտալներում։

Մաղթում եմ յուրաքանչյուրիդ առաջին հերթին ամուր առողջություն և ուժ` առողջապահական համակարգի առաջ ծառացած մարտահրավերը հաղթահարելու համար։

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր