Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ

«Թանկագի՛ն բուժաշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը:

Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասված է նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված շնորհավորական ուղերձում։