«Ցիֆրա» մշակող ընկերությունը համակարգ է ստեղծել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների հիմքով, որը հետեւում է արդյունաբերական ձեռնարկություններում սանիտարական նորմերի պահպանմանը, որպեսզի նվազեցվի կորոնավիրուսով հիվանդացությունը, նախատեսվում է առաջին փորձնական նախագիծն իրականացնել մինչեւ սեպտեմբեր, ընկերությունից ասել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

AI Anti-COVID19 համակարգը թույլ է տալիս տեսավերլուծության եւ սմարթֆոններին միացված հատուկ ապարանջանների միջոցով վերահսկել անձնակազմի մոտ դիմակների եւ ձեռնոցների առկայությունը, նրանց մարմնի ջերմությունը, ինչպես նաեւ աշխատողների միջեւ հեռավորության պահպանումը: Այն նաեւ գնահատում է խախտումների դինամիկան եւ այդ տվյալների հիման վրա որոշում անվտանգության ինդեքսը: Համակարգը նախատեսված է մեքենաշինական, լեռնահանքային, նավթագազային եւ այլ ձեռնարկությունների համար:

Յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծվելու է թվային պրոֆիլ, որում գրանցվում են նրա բոլոր շփումները եւ տեղաշարժը, ինչպես նաեւ դրանց տեւողությունը: «COVID-19-ով հիվանդացածի հայտնաբերման դեպքում համակարգը մարդու թվային պրոֆիլի վերլուծության հիման վրա հանձնարարականներ է տալիս, թե որ աշխատակիցներին է անհրաժեշտ մեկուսացնել ինֆեկցիայի տարածումը կանխելու համար: Հաշվի են առնվում հանձնարարված ժամանակահատվածում շփումների քանակությունն ու տեւողությունը, իսկ բոլոր շփվողները 3 խմբի են բաշխվում՝ կարմիր, նարնջագույն եւ դեղին, ըստ վարակման հավանականության մակարդակի»,- հաղորդում է ընկերությունը:

«Արդյունաբերական ձեռնարկությունների համար հիմա առանցքային վտանգը արտադրամասերի, հանքերի, ածխահատումների պարապուրդն է՝ անձնակազմի զանգվածային վարակման կամ հարկադիր կարանտինի պատճառով: Մեր որոշումը թույլ է տալիս այս ռիսկերը նվազեցնել սոցիալական հեռավորության պահպանման, աշխատակիցների կետային մեկուսացման եւ հնարավոր վարակման շղթաների հայտնաբերման մշտական վերահսկողության հաշվին»,- մեկնաբանել է «Ցիֆրա» պետական ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Սմոլենսկին:

AI Anti-COVID19-ը հետագայում կարող է փոխակերպվել սաղավարտների եւ պաշտպանական այլ միջոցների կրմանը հետեւելու, վտանգավոր գոտիներում անձնակազմի տեղաշարժումը վերահսկելու համար: