ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է։ Sputnik Արմենիայի տվյալներով` նա այսօր երեկոյան դուրս է եկել «Իզմիրլյան» ԲԿ–ից և վերադարձել տուն։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։  Գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Դրան հաջորդել էր ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի`պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։

Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։