Չինաստանի դատախազությունը հայտարարել է, որ ձերբակալված երկու կանադացիներին լրտեսության մեղադրանք է առաջադրվել գործով, որը դիվանագիտական սեպ է խրել Օտտավայի եւ Պեկինի միջեւ, հայտնում է Reuters-ը:

Եթե մեղադրյալները մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է ցմահ բանտարկություն:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այս կապակցությամբ հայտարարել է, որ «անչափ հիասթափված» է եւ Կանադայի քաղաքացիներին ազատելու համար կշարունակի ճնշում գործադրել Չինաստանի վրա:

Լրտեսության մեջ մեղադրվում են նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգը եւ բիզնեսմեն Մայքլ Սփավորը, որոնք կալանավորվել են 2018 թվականի վերջին՝ Կանադայում չինական տեխնոհսկա Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությունից հետո կարճ ժամանակ անց:

Չնայած Չինաստանը հայտարարում է, որ կանադացիներին առաջադրված մեղադրանքները Մենի հետ կապված չեն, նախկին դիվանագետներն ու փորձագետները պնդում են, որ այս քայլը կատարվել է Կանադայի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Չինաստանը բազմիցս է կոչ արել ազատել Huawei-ի ֆինանսական տնօրենին եւ Կանադային նախազգուշացրել է, որ այս գործով ԱՄՆ-ին աջակցելու պատճառով կարող է բախվել հետեւանքների:

Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Կանադայի երկու քաղաքացիների դեմ մեղադրանքներն առաջադրվել են առանձնապես լուրջ հանգամանքներում եւ վերաբերում են Չինաստանի Քրեական օրենսգրքի՝ լրտեսության եւ պետական գաղտնիքների մասին 111 հոդվածի խախտման հետ:

Հոդվածով խախտողների համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:

Մեղադրանքի առաջադրումը նշանակում է պաշտոնական քրեական դատավարության մեկնարկ:

Այս որոշմանն արձագանքել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ «իսկական խայտառակություն» անվանելով այն հանգամանքը, որ Չինաստանը չցանկացավ հասկանալ, որ Կանադայի կառավարությունը չի միջամտում արդարադատության համակարգին:

«Մենք կշարունակենք Չինաստանի կառավարության վրա ճնշում գործադրել՝ դադարեցնելու համար Կանադայի այս երկու քաղաքացիներին կամայական պահելը, որոնք շարունակում են կալանքի մեջ մնալ միայն այն պատճառով, որ Չինաստանի կառավարությունը հիասթափված է կանադական արդարադատության համակարգում դատական անկախ հետաքննություններից»,- հայտարարել է Ջասթին Թրյուդոն: