ԱԺ պատգամավորուհի Գայանե Աբրահամյանը, ոգեւորվելով Եվրախորհրդարանի հերթական A9-0112/2020 բանաձեւով՝ ի նկատի ունենալով ԵՄ գործադիր մարմիններին արվող խորհրդատվությունը, ուրախությամբ նշել է, որ իրենց իզուր ենք մեղադրում, քանի որ իրենք դեռ չեն տապալել Արցախի հարցում ԵՄ քաղաքականությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել էպաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Գայանե, նախ Եվրախորհրդարանի այս խորհրդատվության տեքստի պրեամբուլայից հստակ երեւում է, որ Արցախի հարցում իր դիրքորոշումը Եվրախորհրդարանը բխեցնում է իր իսկ կողմից նախկինում ընդունված փաստաթղթերից (2010թ․, 2013թ․, 2015թ․2017թ․)։ Այդ ձեւակերպումների վրա նախկինում շատ մանրակրկիտ ու հետեւողական աշխատանքներ են տարվել; Այնքան հիմնավոր, որ առ այսօր Եվրոպական կառույցները հարգանքով են վերաբերում դրանց։

Երկրորդը, ես վստահ եմ, որ դուք, այսինքն այսօրվա խորհրդարանը, ընդհանրապես կապ չունի երեկ ընդունված A9-0112/2020 բանաձեւի հետ։ Չեմ զարմանա նույնիսկ, եթե պարզվի, որ դուք այս փաստաթղթի մասին իմացած լինեք պոստ ֆակտում։

Որովհետեւ, եթե ձեր խորհրդարանական դիվանագիտությունը՝ իր Եվրանեսթ ԽՎ-ով, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովով, ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեով, դրա մասին իմանար նախապես, ապա չէիք անտեսի նրանում տեղ գտած M կետի ձեւակերպումները։

Բացի այդ, անուղակի նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի (b r) ենթակետով ձեւակերպումը տեղ է գտել «Անվտանգություն, կայունություն, տարածքային ամբողջականությունը եւ կոնֆլիկտների կարգավորում» վերնագրով ենթաբաժնում։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կասեք նույն ենթավերնագրի (b m) եւ (b o) ենթակետերի վերաբերյալ։ Սրա պատասխանն ո՞վ է տալու, թե՞ դա ձախողում չէ։

Նմանատիպ ձեւակերպումները փաստաթղթերի նախագծերից դուրս բերելու համար, մենք նույնիսկ 2012թ․ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ լիագումարի նիստում ենք կռիվ տվել ու ամբողջությամբ դուրս բերել դրանք։ Դուք հիմա ու՞մ եք խաբում, կամ ու՞մ աչքերին եք թոզ փչում։ Եվ ընդհանրապես մի մոռացեք, որ «ձեր ցերեկով անցած ճանապարհները մենք գիշերով ենք անցել»։

Հարգելի Գայանե, ինչպես դուք եք նշել ձեր գրառման մեջ, ոչ ոք չի «գուժում» ձեր ձախողումների ու տապալումների մասին, քանի որ հասկացող մարդկանց համար դա ուղակի ակնհայտ է։ Դուք ի զորու չեք որեւէ դրական քայլ անել արտաքին քաղաքականության, առավել եւս նրա խորհրդարանական ուղղության վրա։

Դուք, ձեր գործողություններով եւ/կամ անգործությամբ, արդեն դարձել եք Հայաստանի եւ Արցախի անվտանգության եւ կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Այսօր ձեր իշխանության պարագայում, ադրբեջանական լոբբիստների ու Ադրբեջանի դիվանագիտական-խորհրդարանական կորպուսի համար՝ ծովը ծնկներից է։ Իսկ դուք փորձում եք հայ հասարակության խաբել՝ ուրիշների արածները ձեզ վերագրելով, կամ էլ բուն պրբլեմները մոռացության մատնելով։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի եւ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշմանն առհասարակ, ապա դեռ մի շտապեք հետեւություններ անել։ Դեռ պետք է սպասել Հայաստանի մասին զեկուցող Տրայան Բասեսկու զեկույցի նախագծին եւ դրա նկատմամբ Եվրախորհրդարանի վերաբերմունքին։

Եթե շարունակեք անգործությունն ու անլուրջ վերաբերմունքը, ապա վստահեցնում եմ ձեզ, որ ստանալու եք խայտառակ վատ զեկույց։ Որովհետեւ վերջինիս հայտարարությունը արդեն իսկ առաջին ծիծեռնակն էր դրա մասին։ Անիմաստ գլուխ գովելը եւ ուրիշներին մեղադրելը թողեք ձեր լիդերին։ Դա նրա սիրելի զբաղմունքն է։ Դուք գործ արեք, եթե կարող եք։

Հ․Գ․ Որպես Եվրանեսթ ԽՎ ակունքներում կանգնած մարդ եւ նրա կանոնադրության հեղինակներից մեկը, ասեմ ձեզ նաեւ, որ Եվրանեսթ ԽՎ պարագայում կարեւոր են վերջինիս լիագումար նիստի կողմից հաստատված զեկույցները եւ բանաձեւերը։ Օրինակ այնպես, ինչպես 2013թ․, 2015թ․2017թ․ ընդունված բանաձեւերում Հայաստանի շահերից բխող ընդգծված ձեւակերպումներն էին։ Իսկ ինչ վերաբերում է 2020թ․ Եվրանեսթ ԽՎ բյուրոյի՝ ձեր նշած հայտարարությանը, ապա մի շտապեք այն աննախադեպ որակել՝ հատկապես, որ նրանում չկա Արցախի վերաբերյալ կոնկրետ մատնանշում։ Դրանից ավելի լավ եւ հստակ հայտարարություն արվել է դեռեւս 2017թ․բյուրոյի ուղերձում»։