Երեկ տեղացած ուժեղ կարկուտից խոշոր վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Վարչական ղեկավարը վնասի նախնական տվյալներ է նշում՝ 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է:

Կես ժամ տեղացած կարկուտը վնասել է ցորենի արտերը, տնամերձ հողամասերում ցանված մշակաբույսերն ու պտղատու այգիները։

Վնասի չափերը ճշտելու համար այսօր գյուղում աշխատել է Ախուրյանի համայնքային հանձնաժողովը:

Սկզբում տեղացած անձրևը Այգաբաց գյուղի վարչական տարածքում վերածվել է խոշոր կարկուտի, որը տևել է մոտ կես ժամ։ Դադարից հետո են միայն գյուղացիները կարողացել մտել հողատարածքներ ու տեսել  կարկտահարության վնասները:

«Ղազանչվա կողմից եկավ, գյուղի վրայով բռնեց կարկուտն ու գնաց մինչև Ազատան, Ազատանն էլ էնտեղ է ավերել»,- ասում է Այգաբացի բնակիչ Սամվել Շաղբազյանը:

Հիմնական վնասը կրել են ցորենի ցանքատարածություններն ու կարտոֆիլի դաշտերը: Տնամերձներում կարկուտը կոտրել էր այլ մշակաբույսերի սածիլները, վնասել մրգատու այգիները:

Այգաբացի մշակովի հողատարածքները 1045 հեկտար են։ Այս տարի այդքան հեկտարի վրա էլ գյուղացիական տնտեսություները ցանք էին կատարել, անմշակ հող չէին թողել:

«Փորձը ցույց տվեց, որ ճիշտ է, լիարժեք չէ, որ կայանները կանխում են, բայց մեղմացնում են ինչ-որ չափով, բավական օգնում են։ Այդ առումով քննարկման խնդիր ունենք, որպեսզի ընդհանուր տարածքը հասկանանք, որտեղ կա անհրաժեշտություն, որ տեղադրենք»,- նշեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Ախուրյանի  համայնքային հանձնաժողովի ուսումնասիրություներով կճշտվի վնասված ցանքատարածությունների չափը:

Համապատսախան արձանագրությունները վնասների գնահատման մասին ներկայացնելու են մարզպետարան, իսկ երկուշաբթի գյուղում կաշխատեն մարզպետարանի գյուղվարչության մասնագետները:

Կարկտահարությունից մի քանի օր անց ավելի հստակ կերևա վնասի իրական չափը:

Գյուղի վարելահողերը անպաշտպան են կարկուտից, վարչական տարածքում հակակարկտային կայաններ չունեն։ Հարևան համայնքներում կայանների խնդիրը վերջին մի քանի տարում մասամբ է լուծվել: