Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը 29 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատներից մեկը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։

Նշվում է, որ Մասկը հիշյալ տունը ձեռք է բերել 2012 թվականին՝ Canyon Capital հեջ հիմնադրամի համահիմնադիր Միտչել Ջուլիսից․ տան համար Մասկը վճարել է 17 մլն դոլար։

Թերթի տվյալներով՝ Լոս Անջելեսում միլիարդատերն ունի ևս հինգ անշարժ գույք։

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել առ այն, որ գնորդը չինացի միլիարդատեր Ուիլյամ Դինն է։ Նա առցանց մոլախաղերի NetEase Inc ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։

Պարբերականը նաև հիշեցրել է, որ մայիսի սկզբին Մասկը խոստացել էր վաճառել իր գրեթե բոլոր տները։ Նա այդ որոշումը բացատրել էր կյանքը հեշտացնելու ցանկությամբ։

Forbes-ի վերջին գնահատումների համաձայն՝ Մասկի կարողությունը 42,4 մլրդ դոլար է: Նա 31-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։