Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել. վերջին տվյալներով՝ երկրում կա COVID-19-ով ավելի քան 1 մլն վարակակիր, հայտնում է BBC News-ը:

Երկրի առողջապահության նախարարությունը նաեւ հրապարակել է մեկ օրում վարակվածների ռեկորդային թիվ՝ 54 հազար մարդ:

Ի հավելումն սրա՝ մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1200 մարդուց ավելի, իսկ մահացած պացիենտների ընդհանուր թիվը մոտենում է 49 հազարին:

Փորձագետների կարծիքով՝ թեստավորումների անբավարար քանակությունը թույլ է տալիս ենթադրել, որ կորոնավիրուսի դեպքերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնապես հայտարարված թվերից:

Լատինական Ամերիկան համավարակով առավել ախտահարված տարածաշրջաններից մեկն է: Խոշոր բռնկումներ են դիտվում նաեւ Չիլիում, Պերուում եւ Մեքսիկայում:

Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խիստ քննադատության է ենթարկվում կորոնավիրուսին արձագանքելու իր դիրքորոշման պատճառով: Նա բազմիցս վիճել է նահանգապետերի եւ քաղաքապետերի հետ, որոնք պնդում էին կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ մտցնելու մասին:

Բոլսոնարուի կարծիքով՝ մտցված սահմանափակումների տնտեսական հետեւանքները բուն կորոնավիրուսից շատ ավելի ծանր կլինեն: