2019 թ.-ին Երևանի առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի հայցը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով։ Ա. Չատինյանը հայցը հիմնավորել էր Հովհաննեսին անմարդկային պայմաններում պահելու հանգամանքներով և պահանջել նրա համար 15.748.144 դրամ փոխհատուցում: Դատարանը հայցը բավարարել էր 2 մլն. դրամի չափով: Հովհաննես Ղազարյանի խնդրին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

2020 թ. հունվարի 31-ին պատասխանող Ֆինանսների նախարարությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք էր ներկայացրել՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի վճռի դեմ:

Բողոք ներկայացնող ֆինանսների նախարարության համոզմամբ, ստորադաս դատարանը կայացնելով վճիռը, թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները:

Վերաքննիչ բողոքի վերաբերյալ Հ. Ղազարյանի շահերը ներկայացնող ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ներկայացրել էր վերաքննիչ բողոքի պատասխան, որում ևս մեկ անգամ անդրադարձ էր արվել Հ. Ղազարյանի պահման պայմաններին և ապրումներին։

Վերաքննիչ դատարանը, քննելով գործը, հաշվի է առել մի շարք հանգամանքներ, որոնք ազդել են բողոքը մերժելու մասին որոշում կայացնելու հարցում: