Օրեր առաջ ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության (ՆԱՎ) պետ է դարձել Վիլեն Գաբրիելյանը: Գաբրիելյանը համակարգի ծառայողներից չէ, ԱԱԾ-ից է բերվել, եղել է սահմանապահ զորքերից, իսկ ՊԵԿ ներկայիս պետ Հովհաննիսյանի հետ նրան կապող թելերը գալիս են մանկությունից՝ երկուսն էլ Արմավիրից են: Գաբրիելյանն առայժմ ժ/պ կարգավիճակով կպաշտոնավարի ՊԵԿ-ում՝ մինչև ըստ ընթացակարգի հաստատվի այդ պաշտոնում:

Պետք է խոստովանել, որ ՊԵԿ-ի պատմության մեջ երբևէ այս պաշտոնին պատահական մարդիկ չեն նշանակվել՝ զուտ այն պատճառով, որ այս ստորաբաժանումն իրենից ենթադրում է գաղտնի ծառայություն և վերահսկում է ներքին կառուցակարգերի գործունեությունը:

Նախկին իշխանության օրոք ՊԵԿ  ՆԱՎ-ի պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցնում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որին ըստ հարուցված քրգործի՝ մեղսագրվել է հարյուրավոր միլիոնների վատնում: Հեղափոխությունից հետո ՊԵԿ պետ դարձած Դավիթ Անանյանն էլ իր հերթին այս պոստին նշանակեց իր ամենամտերիմ ընկերոջը՝ Լյովա Հովհաննիսյանին:

Լյովա Հովհաննիսյանը առաջինն էր, ով Դավիթ Անանյանի անսպասելի հրաժարականից հետո անմիջապես ազատման դիմում գրեց: Նրանից հետո համակարգը լքած մյուս հավատարիմը Անանյանի մեկ այլ ընկերոջ որդին էր՝ Ռուսլան Գրիգորյանը: Ռուսլան Գրիգորյանը ամիսներ առաջ  դարձավ մաքսատան պետ՝ ըստ ամենայնի Անանյանի հետ իր հոր ունեցած անձնական կապերի շնորհիվ: Ռուսլան Գրիգորյանն անցած տարի մեկ գրչի հարվածով միանգամից  գնդապետի կոչում ստացավ  ու հարկային համակարգից տեղափոխեց «Հյուսիսային մաքսատուն» վարչության պետի պաշտոնին(Գյումրու նորակառույց մաքսատունը):

Նրա նվաճումների հետևում շատերն իհարկե տեսնում էին Փեթակի Վարուժի ջանքերը՝ ենթադրաբար Վարուժան Գրիգորյանի հետ վերջինիս քավոր-սանիկական կապերը հաշվի առնելով, սակայն չմոռանանք՝ նույն Վարուժան Գրիգորյանը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նախագահականի գործերի կառավարիչն է եղել, բայց այս կապը չի կարողացել ծառայեցնել այն ժամանակ սանիկի շահին:

ՊԵԿ-ում Անանյանի հովանավորյալների ցանկն այս երկու ֆիգուրով իհարկե չի սահմանափակվում, նրանք շատ են ու ըստ օդում կախված լուրերի՝ կառավարությունից իջած հրահանգով ցուցակագրվում են, որ հերթով համակարգից հեռացվեն: