Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Ուժի կիրառումն անհետեւանք չի մնա, եւ դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում:

Սա հասկանում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին:

Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը եւ ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:

Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, եւ «արեւմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արեւմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:

Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության մասին, եւ այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլեւ մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր:

Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին եւ լինենք ուժեղ, ամուր, բայց եւ չտրվենք անիմաստ եւ անհեթեթ սադրանքների:

Առավել եւս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է կոչ անենք՝ զերծ մնալ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը եւ աշխարհագրությունը մեզ դարձրել են հարեւաններ, եւ մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո եւ պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն:

Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը եւ մեր տարածաշրջանի երկարաժամկետ եւ կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի»: