Հունիսի 19-ին Երևանում անցկացված` Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացման հրապարակային հատվածում վարչապետ Փաշինյանն անգամ ևս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Կարևորում ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես համերաշխել է այն փաստի հետ, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել իրենց առավելապաշտական նկրտումներից և փոխզիջումը բացառող ռազմաքաղաքական կեցվածքից, այլև նորանոր սադրանքներով էլ ավելի են լարում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակն ու հետզհետե անհնարին դարձնում փոխադարձ վստահության մթնոլորտի կերտումը։

Վերլուծելով վարչապետի հրապարակային ելույթի տեքստը և այն դիտելով որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում՝ արձանագրում ենք հետևյալը.

Իշխանությունները թեև իրավացիորեն սահմանում են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բարձր նշաձողեր, սակայն անհասկանալի են մնում այդ նշաձողերը սպասարկելու ռազմավարական մոտեցումներն ու դրանցից բխող մարտավարական քայլերը։

Այսպես` Նիկոլ Փաշինյանը ինչպես արդեն երկու տարի, այնպես էլ այսօր խոսում է Արցախի Հանրապետության իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ «առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց»: Հատկանշական է, որ վերջերս Փաշինյանն ընդունեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, չի հաջողվում Արցախի ղեկավարությանը վերադարձնել բանակցային գործընթաց։ Այս դեպքում անհասկանալի է մնում` որո՞նք են Փաշինյանի այն քայլերը, որոնք վերջնարդյունքում պիտի հանգեցնեն բանակցային գործընթացում Արցախի ղեկավարության մասնակցությանը։

Քննարկման մեկ այլ հարց է այն, որ պաշտոնական Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությունները, որպես այդպիսին, տեղավորվում են ներկա քաղաքական իրավիճակի շրջանակներում և, սովորաբար, անդրադարձ չի կատարվում բանակցային գործընթացի նախընթաց տրամաբանությանն ու ապագա դինամիկային՝ որպես տարածության և ժամանակի մեջ տեղավորվող քաղաքական գործընթաց։

Ստեղծված իրավիճակն ընդհուպ հանգեցրել է հակամարտության կարգավորման վերաբերյալ իշխանության կայուն տեսակետի բացակայությանը։ Որպես օրինակ` կարող ենք արձանագրել, որ իշխանությունները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը։ Նման «վրիպումը», փաստորեն, անտեսում է 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեների ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտության փաստերը։

Պաշտոնական Երևանը մի կողմից սահմանում է բավական բարձր նշաձող, սակայն մյուս կողմից հայտնի չէ սահմանված նշաձողը սպասարկելու ներքին և արտաքին ռեսուրսը։ Ընդ որում` և՛ ներազգային, և՛ արտաքին հարաբերություններում Փաշինյանը ոչ միայն աչքի չի ընկնում համախմբող հատկություններով և գործընկերների հետ հարաբերությունները շարունակականորեն զարգացնելով, այլև անում է ճիշտ հակառակը։

Այս առումով անհանգստություն ունենք, որ սահմանված նշաձողի ոչ պատշաճ սպասարկումը կարող է հանգեցնել արտաքին գործընկերների մոտ թյուրըմբռնումների առաջացման և անախորժ այլ հետևանքների։ Պետք է զգոն լինել, որ ադրբեջանական դիվանագիտությունը երբեք չկարողանա Հայաստանին ներկայացնել որպես անբանակցելի կողմ և այդ կերպ հնարավորություն ունենա իր վրայից վերացարկելու արտաքին ճնշումը։ Ադրբեջանական կողմը նաև չպիտի հնարավորություն ունենա նենգափոխելու ղարաբաղյան շարժման և հակամարտության բուն էությունը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի տարածքների ընդլայնման հարց՝ ստորադասելով ինքնորոշման հարցը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացմանը և Հայաստան-Արցախ հարաբերությունները որակական նոր փուլի փոխադրելուն, ապա դրա համար ՀՅ Դաշնակցությունը տևական ժամանակահատված է, ինչ առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև կնքել ռազմավարական դաշինք և հարաբերությունները բարձրացնել իրավապայմանագրային հարթության։ Դա, ի թիվս այլնի, թույլ կտա միջազգային և ներպետական իրավունքի տեսանկյունից բացարձակապես անխոցելի դարձնել Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունները բոլոր մակարդակներում՝ սկսած անվտանգային հարցերից մինչև սոցիալ-տնտեսական և արտաքին օժանդակություն, ներառյալ՝ աջակցություն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը նաև քաղաքական հայտարարություններին իրավաբանական ուժ հաղորդելու հիանալի հնարավորություն է։

Այս առումով, վերահաստատելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ մեր քաղաքական դիրքորոշումը, ակնկալում ենք, որ Արցախի նորընտիր իշխանություններն իրենց հնարավորությունների շրջանակում կնպաստեն դրա իրականացմանը»։