Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացնումը Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում: Մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում այս օրերին 1.000 կարիքավոր ընտանիքների տրամադրվում են սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը: Սոցիալական աջակցության ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ, հիմնադրամն իրականացնում է կարիքի գնահատում, որպեսզի աջակցությունը լինի հասցեական:

«Այս անգամ մենք աջակցություն ենք տրամադրում աշխատանքի խնդիր ունեցող, սոցիալապես ծանր պայմաններում գտնվող 400 սիրիահայ ընտանիքների, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում և Լոռու մարզի Սպիտակ համայնքում տնակային պայմաններում ապրող 200 ընտանիքների, ընդ որում՝ Սպիտակում աջակցություն ենք տրամադրում այն քաղաքացիներին, որոնք մինչև այսօր որևէ սոցիալական ծրագրից չեն օգտվել: Ծրագրի այս փուլի շահառուներն են նաև հաշմանդամություն ունեցող 250 երեխաների և 150 զինհաշմանդամների ընտանիքները:

Ընդհանուր առմամբ՝ սոցիալապես անապահով 1.000 ընտանիք »,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը: Ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է գործարար Սերգեյ Սարկիսովի և պրոդյուսեր Դեյվիդ Մկքենզիի հետ համատեղ: Նախորդ երկու փուլերի ընթացքում, «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել ավելի քան 700 ընտանիքների, այդ թվում՝ Արցախի ազատամարտի վետերաններին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամն առաջիկայում ևս շարունակելու է սոցիալական աջակցություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին: