Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքում երկու թեկնածուները՝ Թագուհի Թադևոսյանն ու Գայանե Վարդանյանը, ստացել են 4 կողմ ձայներ, և փոխվարչապետի որոշմամբ տնօրենի պաշտնում նշանակվել է Թագուհի Թադևոսյանը, սակայն դպրոցի աշխատակիցներն այս կապակցությամբ որոշակի դժգոհություններ ունեն:

Մասնավորապես, Irakanum.am-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Լուսինե Խլղաթյանն ասաց, որ տնօրենի ընտրությունը տեղի է ունեցել ընտրակեղծիքներով և իրենք դրա վերաբերյալ փաստացի ապացույցներ ունեն. «Մենք վստահ ենք, որ մարզպետարանի անդամները մարզպետի կողմից ուղղորդված են եղել և ունենք տեղեկություններ, որ այդ թեկնածուն մարզպետի հետ որոշակի կապեր ունի: Փաստացի ձայնագրություններ կան, որտեղ կառավարման խորհրդի անդմաներն ասում են, որ վերջին պահին մարզպետից հրահանգ են ստացել և դրա համար են իրենց ձայները տվել Թադևոսյանին»:

Զրուցեցինք նաև Գայանե Վարդանյանի հետ, ով նշեց, որ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել և պայքարելու է մինչև վերջ, պաշտպանելու է իր իրավունքները: Նա հայտնեց, որ շուրջ 30 տարի աշխատել է Վանաձորի թիվ 18 դպրոցում, տեղյակ է դպրոցի անց ու դարձից, խնդիրներից, իսկ Թագուհի Թադևոսյանը մեկ այլ դպրոցում եղել է տարական դասարանի ուսուցիչ: «Պետք է դատական գործընթացներին մասնակցեմ և եթե գործը կոծկվի, ապա ես պատրաստ եմ մինչև վարչապետի մակարդակ խնդրի մասին բարձարաձայնել: Վստահ եմ, որ վարչապետը չգիտի, թե ինչ է կատարվում մյուս օղակներում»,-Irakanum.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենի թեկնածուն:

Նա հայտնեց, որ տնօրենի ընտրության վերջին փուլում օրենքի պահանջին համաձայն զրուցել է փոխվարչապետի աշխատակազմի աշխատակիցների հետ, հայտնել, որ ի սկզբանե խոսակցություներ են եղել, թե մարզպետարանը ցանկանում է տնօրենի պաշտոնում տեսնել Թադևոսյանին:

«Երբ տնօրենի պաշտոնի համար թափուր տեղ կար անընդհատ ինձ զանգում ասում էին՝ մարզպետարանի մարդը Թաուհին է, մարզպետարանը Թագուհուն է ուզում նշանակել տնօրենի պաշտոնում, և ես փոխվարչապետին էլ եմ հարցրել, թե ինչու է, որ երբ նոր թափուր տեղ է առաջանում արդեն բոլորը գիտեն՝ ով է լինելու տնօրենը: Ինքն ասել է՝ ես զարմանում եմ: Եթե իրենք զարմանում են, բայց արագ նման որոշում են ընդունել, ապա դա նշանակում է, որ մարզպետարանից ուղղարդում է եղել»,-ամփոփելով խոսքն ասաց Գայանե Վարդանյանը:

Irakanum.am